Կամբոջան հինգշաբթի արտաքսել է ավելի քան 600 թայլանդցիների, որոնք ենթադրաբար առնչություն ունեն առցանց խարդախությունների հետ: Դա իրականացվել է բազմամիլիարդանոց ապօրինի արդյունաբերության դեմ պայքարի շրջանակում, որը վերջին տարիներին լայն տարածում է գտել երկրում։ Դրա մասին հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը:
Կամբոջան վերածվել է կեղծ ռոմանտիկ հարաբերությունների և կրիպտոարժույթային ներդրումների սխեմաներ կառավարող հանցավոր սինդիկատների կենտրոնի: Այդ սխեմաների շրջանակում խարդախները (ոմանք կամավոր, իսկ մյուսները՝ հարկադրաբար) խաբում են ինտերնետից օգտվողներին ամբողջ աշխարհում: Տարածաշրջանի հյուրանոցներում, խաղատներում և ամրացված համալիրներում գործող կիբերխարդախության գլոբալ արդյունաբերությունը հասել է «արդյունաբերական չափերի»:
Ըստ ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գնահատականների՝ դրա տարեկան եկամուտը հասնում է 64 միլիարդ դոլարի:
Կամբոջայի տեղեկատվության նախարար Նեթ Ֆեակտրան Ֆրանսպրես գործակալությանը հայտնել է, որ ապօրինի առցանց բիզնես գործառնություններում և անդրազգային հանցավոր ցանցերում ներգրավված 635 Թայլանդի քաղաքացիներ հինգշաբթի սահմանային անցակետով արտաքսվել են Թայլանդ: Ըստ նրա՝ իշխանությունները հետաքննություն են իրականացրել ևս երեսուն կասկածյալների նկատմամբ՝ ենթադրյալ քրեական հանցագործությունների առնչությամբ։
Իրավապաշտպաններն ու փորձագետները Կամբոջայի պաշտոնյաներին մեղադրել են հանցակցության մեջ, սակայն կառավարությունը հերքում է այդ մեղադրանքները: Իշխանությունները հայտարարում են, որ անցյալ տարվա սկզբից ի վեր ձերբակալել և արտաքսել են առցանց խարդախությունների հետ առնչություն ունեցող ավելի քան 13 հազար օտարերկրացիների:
Կառավարության տվյալներով՝ հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում խարդախության մեջ մեղադրվող ավելի քան 240 հազար մարդ, նրանց թվում՝ չինացիներ, ինդոնեզացիներ, հնդիկներ և այլք, «կամավոր լքել են» Կամբոջան։
Նեթ Ֆեակտրան հայտնել է, որ շաբաթ օրը ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել Թայլանդի սահմանին գտնվող Պոյպետ քաղաքի կոնդոմինիումներից մեկում: Ըստ նախարարի՝ այդ վայրը ենթադրաբար ապօրինի առցանց բիզնեսի, առցանց խաղամոլության և այլ գործունեության կենտրոն է, որը «պոտենցիալ կապված է անդրազգային հանցավոր ցանցերի հետ»: Շենքում հայտնաբերվել է մոտ 4700 բջջային հեռախոս և ավելի քան 400 համակարգչային մոնիտոր:
Խուզարկությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ի՝ կամբոջացի սենատոր և գործարար Կոկ Անի նկատմամբ պատժամիջոցներ հայտարարելուց երկու օր անց: Վաշինգտոնը նրան մեղադրում է Կամբոջայում խարդախ ձեռնարկությունները վերահսկելու և հանցավոր ցանցին հովանավորելու մեջ, որը խաբեությամբ ամերիկացիներից միլիոնավոր դոլարներ է կորզել: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պնդում է, որ Կոկ Անի «Crown Resorts» ընկերությունը տիրապետում է համալիրների վերածված խաղատների և այլ կառույցների (այդ թվում՝ Պոյպետում), որտեղից հանցավոր կազմակերպություններն թվային ակտիվներով ներդրումային խարդախություններ և այլ տեսակի խաբեբայություններ են իրականացնում:
Ոստիկանության տվյալներով՝ չորեքշաբթի Կամբոջայի իշխանությունները Պոյպետում խուզարկել են ևս մեկ ենթադրյալ խարդախության համալիր՝ ձերբակալելով բազմաթիվ օտարերկրացիների, հիմնականում՝ Չինաստանի քաղաքացիների։





























