Պահակակետի սահմանի ցուցանակի մոտ Եղիշենը արնաշաղախ վիճակում դուրս եկավ ավտոյիս դիմաց, ես դուրս եկա, ինձ ասեց՝ ախպեր, երեխեքը չկան, ես եմ մեղավոր, զենքը տուր խփեմ ինձ սպանեմ ինձ, կամ դու սպանի ինձ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30–ին, Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհից զոհված 15 զինծառայողների գործով դատական նիստում ասաց մեղադրյալ Տիգրան Ղազարյանը՝ խոսելով գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի մասին։
«Ասեց՝ բենզինը լցրեցի 5 լիտրանոց շշի մեջ, լցրեցի փեջի մեջ, գմփաց, ձեռիս շիշը կպավ, շպրտեցի մի կողմ ու փախա էդտեղից։ Ասեց՝ էդ պահին սթափ վիճակում չէի, հետո երբ հասկացա՝ ինչ է կատարվել, նորից ներս մտա, բայց արդեն ուշ էր։ Ես այդ ամեն ինչը լսելով վազել եմ կացարանի կողմը»,–ասաց նա։
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը հարցրեց՝ ավելի ուշ, երբ դուք վերլուծեցիք իրավիճակը, ի՞նչ հասկացաք, Եղիշեն ճի՞շտ էր ասում, թե ոչ, Ղազարյանը պատասխանեց. «Դա միայն ինքը կարող է ասել՝ ճիշտ էր ասում, թե խաբում էր»։
Ինքը՝ Եղիշե Հակոբյանն ասաց. «Այո, ես սկզբում ասել եմ, որ մեղավոր եմ, բայց վերջում, որ ասել եմ՝ ոչ ադեկվատ եմ կամ թողել փախել եմ, նմանատիպ արտահայտություն չեմ արել։ Նման բան չի եղել։ Եթե ինչ-որ մի տեղից Տիգրանը այդպիսի բան է հիշում, ես այդպիսի բան չեմ հիշում, որ այդպիսի բան ասել եմ։ Ինքը լավ չի հիշում, կամ էլ ստում ա»։
Հիշեցնենք, որ 2023-ին հունվարի 19-ին, ժամը 01.30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել էր հոսպիտալ։
Տիգրան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ՊՆ 75937 զորամասի ինժեներական ծառայության պետի պաշտոնը, պատասխանատու լինելով իրեն վստահված ստորաբաժանման նյութական ապահովման համար, պարտավոր լինելով հսկողություն սահմանել հակահրդեհային պահանջների կատարման նկատմամբ, հետևել հրդեհային անվտանգության կանոնների պահպանմանը չի կատարել իր պարտականությունները: Իր պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով անզգուշությամբ առաջացել է մահ. 2023թ. հունվարի 19-ին 00:40-ին է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՀՀ ՊՆ 75937 զորամասի կացարանում բռնկված հրդեհը հնարավոր չի եղել մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում հնարավոր չի եղել կոտրել կացարանի պատուհաններին ամրակցված երկաթե ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից, ինչի հետևանքով նույն վաշտի պարտադիր ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտներ Արամ Մանուկյանը,Վոլոդյա Ներսիսյանը, Պավլիկ Աբազյանը, Միշա Դումիկյանը, շարքայիններ՝ Գոռ Մարտիրոսյանը, Ռոստոմ Ասրյանը Մուշեղ Համբարչյանը, Տարոն Ղարիբյանը, Դավիթ Սարգսյանը, Հրաչյա Գրիգորյանը, Նարեկ Ավագյանը, Գագիկ Բարսեղյանը, Հայկ Կիրակոսյանը, Սերգեյ Կևորկովը, Համլետ Դավթյանը մահացել են, իսկ պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գարուշ Սարգսյանը , Լևոն Խառատյանը, Ժիրայր Սահակյանը, Ռադիկ Մաթևոսյանը և Եղիշե Հակոբյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Եղիշե Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ՊՆ 75937 զորամասի ինժեներական ծառայության սպայի պաշտոնը, խախտել է ավտոբենզինի հետ վարվելու կանոնը, որը օգտագործել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՀՀ ՊՆ 75937 զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում շահագործվող վառարանը վառելու նպատակով, որի արդյունքում կացարանում հրդեհ է բռնկվել: Արդյունքում Եղիշե Հակոբյանի կողմից կացարանում գտնվող զինծառայողների պաշտպանությունը չապահովելու հետևանքով նույն վաշտի պարտադիր ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտներ Արամ Մանուկյանը,Վոլոդյա Ներսիսյանը, Պավլիկ Աբազյանը, Միշա Դումիկյանը, շարքայիններ՝ Գոռ Մարտիրոսյանը, Ռոստոմ Ասրյանը Մուշեղ Համբարչյանը, Տարոն Ղարիբյանը, Դավիթ Սարգսյանը, Հրաչյա Գրիգորյանը, Նարեկ Ավագյանը, Գագիկ Բարսեղյանը, Հայկ Կիրակոսյանը, Սերգեյ Կևորկովը, Համլետ Դավթյանը մահացել են, իսկ պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գարուշ Սարգսյանը , Լևոն Խառատյանը, Ժիրայր Սահակյանը, Ռադիկ Մաթևոսյանը և Եղիշե Հակոբյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:





























