ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավանաբար, հայտնվել է 2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածուների թվում։ Այդ մասին հայտարարել է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի քարտուղար Քրիստիան Բերգ Հարպվիկենը, գրում է Reuters-ը։ Նրա խոսքով՝ այս տարի մրցանակի հավակնորդների թվում կա 287 թեկնածու՝ 208 անհատ և 79 կազմակերպություն, ընդ որում՝ անցած տարվա համեմատ շատ նոր անուններ են հայտնվել։
Կամբոջայի, Իսրայելի և Պակիստանի ղեկավարները ավելի վաղ հայտարարել էին, որ Թրամփին առաջադրել են մրցանակի համար։ Եթե դա իսկապես տեղի է ունեցել, առաջադրումները կատարվել են 2025 թվականի գարնանն ու ամռանը, հետևաբար համարվում են վավեր, քանի որ հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրացել էր հունվարի 31-ին։ Ստուգել այդ պնդումները հնարավոր չէ, քանի որ թեկնածուների ցուցակները գաղտնի են պահվում, նշում է Reuters-ը։
Ինքը՝ Թրամփը, բազմիցս ասել է, որ արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակին։ 2025 թվականին նա պնդում էր, որ պաշտոնը ստանձնելուց հետո կարողացել է կանգնեցնել առնվազն ութ պատերազմ։ Այս տարվա հունվարին վենեսուելական ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ խորհրդանշականորեն իր Նոբելյան մրցանակը փոխանցել էր Թրամփին (մրցանակի կազմակերպիչներն այն ժամանակ հայտարարել էին, որ դափնեկիրը մնում է միայն ինքը)։
Սակայն մարտին Թրամփը կտրուկ սառեց այս թեմայի նկատմամբ։ «Ես այլևս դրանով չեմ հետաքրքրվում», — հայտարարել էր նա՝ պատասխանելով մրցանակ ստանալու հեռանկարների մասին հարցին։ ԱՄՆ նախագահը նաև խոստովանել էր, որ չգիտի, թե Իրանի հետ հակամարտությունն ինչպես կարող է ապագայում ազդել մրցանակ ստանալու իր հնարավորությունների վրա։





























