Դաղստանում ձերբակալվել են ծայրահեղական համայնքի ինը ենթադրյալ անդամներ, որը 2015 թվականից ի վեր փաստացի վերահսկում էր Գուբդեն գյուղը, հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Քննության տվյալներով՝ տեղի բնակիչների մի խումբ միավորվել էր արմատական կրոնական հայացքների հիման վրա, որոնք ուղղված էին ատելության և թշնամանքի հրահրմանը։ Համայնքի անդամները գյուղն ու նրա բնակիչներին վերցրել էին իրենց վերահսկողության տակ. նրանք պարեկում էին փողոցները, հետևում էին բնակիչների տեղաշարժին և բացահայտում էին նրանց, որոնց ապրելակերպը չէր համապատասխանում իրենց համոզմունքներին։ Այդպիսի մարդկանց բռնի կերպով տեղափոխում էին հատուկ կահավորված տարածքներ, որտեղ նրանց նկատմամբ գործադրվում էր ֆիզիկական և հոգեբանական ճնշում, ինչպես նաև նրանցից գումար էին շորթում։
Քննությունը նաև պնդում է, որ խմբի անդամները տեղադրել էին տեսահսկման տեսախցիկներ, ստեղծել էին անցակետեր և վերահսկում էին գյուղ մուտքն ու ելքը։ Որոշ ժամերի և գիշերը բնակավայրի տարածք մուտքը փակվում էր, իսկ տեղաշարժը թույլատրվում էր միայն նրանց թույլտվությամբ։ Նոր ռեժիմը վերացնելու և կասկածյալներին ձերբակալելու համար պահանջվել է հատուկջոկատի ներգրավում։
Քրեական գործ է հարուցվել 11 անձի նկատմամբ՝ ծայրահեղական համայնք կազմակերպելու հոդվածներով։ Ինը մեղադրյալ արդեն ձերբակալվել է, ևս երկուսի մասով քննությունը դատարան է ներկայացրել խափանման միջոց ընտրելու միջնորդություններ։ Ներկայումս շարունակվում է բոլոր հանգամանքների և մյուս մասնակիցների պարզումը։



























