Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին և Եվրոպական միության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հեռախոսազրույց են ունեցել։ Այդ մասին իր թելեգրամ-ալիքում հայտնել է իսլամական հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Դիվանագետի խոսքով՝ ինքը և Կալասը քննարկել են վերջին իրադարձությունները տարածաշրջանում և միջազգային քաղաքական ասպարեզում։
«Լրացուցիչ տեղեկատվությունը կհայտարարվի ավելի ուշ», - նշվել է հայտարարության մեջ։
Ապրիլի 29-ին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը վստահություն է հայտնել, որ ԵՄ անդամ երկրները տարիներ շարունակ ստիպված կլինեն պայքարել Միացյալ Նահանգների և Իրանի միջև հակամարտության հետևանքների դեմ։ Նա իրադարձությունների նման զարգացումն անվանել է «դաժան իրականություն», որին բոլորը ստիպված կլինեն առերեսվել։
Ինչպես նշել է պաշտոնյան, Բրյուսելը ցանկանում է, որ Մերձավոր Արևելքում հրադադարը պահպանվի հնարավորինս երկար։ Ֆոն դեր Լյայենն ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պետք է վերականգնվեն դիվանագիտության միջոցով։




























