Պերմի քաղաքապետ Էդուարդ Սոսնինը բնակիչներին մաղթել է «համբերություն» և «հավատ» այն բանից հետո, երբ քաղաքը երկու անգամ ենթարկվել է անօդաչուների հարձակմանը, ինչի հետևանքով հրդեհվել են նավթավերամշակման գործարանն ու «Տրանսնեֆտի» պահեստարանները, երկինքը պատվել է մշուշով, և սկսվել են «նավթային անձրևներ»։

Սոսնինը, որը ոչ մի անգամ չէր մեկնաբանել արտակարգ պատահարները, մայիսի 1-ին շնորհավորել է պերցիներին «Գարնան և աշխատանքի տոնի» առթիվ։ «Այս օրը ցանկանում եմ մեզ բոլորիս մաղթել ուժ, համբերություն և հավատ։ Միայն միասին, աջակցելով միմյանց՝ մենք կկարողանանք անցնել բոլոր փորձությունների միջով։ Եկեք լինենք միասնական, համախմբված և իսկապես ուժեղ», - գրել է Սոսնինը։

Պերմի նահանգապետ Դմիտրի Մանոխինը երեքշաբթի հայտնել է, որ «արդյունաբերական ձեռնարկության տարածքում» բռնկված հրդեհը տեղայնացվել է։ Այն մարելու համար տարածաշրջան են տեղափոխվել հրշեջներ երեք այլ շրջաններից՝ Կիրովի մարզից, Բաշկորտոստանից և Ուդմուրտիայից։

Նա հավաստիացրել է, որ «բնակիչների համար սպառնալիք չկա»՝ չնայած շաբաթվա կեսին տեղացած սև անձրևին, այրման հոտին և ծխին։ «Նմուշները վերցվում են կանոնավոր կերպով, աղտոտող նյութերի թույլատրելի մակարդակի գերազանցումներ չեն արձանագրվել», - հայտնել է Մանոխինը։

Պերմը հարձակման է ենթարկվել ապրիլի 29-ին և 30-ին։ Արդյունքում՝ հրդեհվել են երկրի հզորությամբ 7-րդ նավթավերամշակման գործարանը՝ «Պերմնեֆտեօրգսինթեզը», ինչպես նաև «Տրանսնեֆտի» նավթամղիչ կայանը՝ նավթային պահեստարանների պարկով, որոնց ընդհանուր տարողությունը կազմում է 380 հազար խորանարդ մետր։ Ըստ Reuters-ի աղբյուրների՝ նախօրեին նավթավերամշակման գործարանը կանգնեցրել էր իր հզորությունների 40 տոկոսի աշխատանքը։

Ուրբաթ օրվա դրությամբ Պերմում բռնկված հրդեհների ծուխը, ըստ «Ազատություն ռադիոկայանի» հրապարակած արբանյակային լուսանկարների, տարածվել էր 120 կիլոմետր։