Եթե չլինեին ադրբեջանական բենզինի և դիզվառելիքի մատակարարումները, ապա Հայաստանի վառելիքի շուկայում իրավիճակը մի քանի անգամ ավելի վատ կլիներ։ Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ 

Նախարարն ընդգծել է, որ բենզինը թանկացել է ամբողջ աշխարհում, որոշ երկրներում՝ հնարավոր է, երկու-երեք անգամ։ Իսկ Հայաստանում աճն արտահայտվել է տոկոսներով։ «Ինչո՞ւ է այդպես։ Ուղիղ կասեմ՝ եթե չլինեին ադրբեջանական բենզինը և դիզվառելիքը, ապա մեզ մոտ գները մի քանի հարյուր դրամով ավելի բարձր կլինեին, քան հիմա են։ Այդ պատճառով պետք է շարունակել հնարավորինս պահպանել դիվերսիֆիկացիան, որպեսզի աշխարհաքաղաքական ցնցումները մեզ վրա նվազագույն ազդեցություն ունենան»,- հայտնել է նա։

Հարցին, թե մի քանի օր առաջ, երբ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի գլխավորությամբ Հայաստանում էր ադրբեջանական պատվիրակությունը, նրանց հետ արդյոք քննարկվե՞լ են մատակարարումների հարցերը, Պապոյանը նշել է. «Այդ հարցն արդեն քննարկվել է և լուծված է։ «Ռանօյլը» ներմուծում է և շարունակելու է ներմուծել։ Կա նաև մեկ այլ ընկերություն, որը զբաղվում է դրանով։ Նրանք պետք է ավելի շատ ներմուծեն, որովհետև, նորից եմ ասում, եթե չլիներ այդ գործոնը, ապա բենզինի և դիզվառելիքի գինը մի քանի հարյուր դրամով ավելի բարձր կլիներ։ Ես դրանում բացարձակապես վստահ եմ։ Որովհետև նախկինում աշխարհում գներն աճում էին 10 տոկոսով, իսկ մեզ մոտ՝ 50 տոկոսով։ Հիմա աշխարհում աճել են 100 տոկոսով, իսկ մեզ մոտ՝ 10–20 տոկոսով։ Սա շատ լավ է»։