Իրանի դեմ ԱՄՆ գործողությունն ամերիկացիների շրջանում դարձել է նույնքան քննադատելի, որքան 2006 թվականին իրաքյան պատերազմի ընթացքում ԱՄՆ գործողությունները և Վիետնամի պատերազմին մասնակցությունը։ Այս մասին հայտնել է The Washington Post (WP) թերթը՝ հղում կատարելով իր, ABC հեռուստաընկերության և Ipsos սոցիոլոգիական ծառայության համատեղ անցկացրած հարցման արդյունքներին։

Հետազոտության համաձայն՝ ամերիկացիների 61 տոկոսը կարծում է, որ Իրանի դեմ ռազմական ուժի կիրառումը սխալ է եղել, ԱՄՆ քաղաքացիների 10-ից մոտ 2-ն է երկրի գործողություններն Իրանում գնահատում հաջողված, իսկ 10-ից 4-ը իսլամական հանրապետության դեմ գործողությունն անվանում է անհաջող։ Հանրապետականների շրջանում հարցվածների 79 տոկոսն Իրանին հասցված հարվածները բնութագրել է որպես ճիշտ որոշում, նույն կարծիքին է նաև անկախ ընտրողների 56 տոկոսը։ Միևնույն ժամանակ, վերջինների 46 տոկոսը Վաշինգտոնի գործողությունները սխալ է համարել։ Ինչպես գրել է թերթը, 1971 թվականին Gallup International-ի անցկացրած հարցման ընթացքում ամերիկացիների 61 տոկոսը հայտնել էր, որ ԱՄՆ-ը սխալ է գործել՝ զորքեր ուղարկելով Վիետնամ։ 2006 թվականին The Washington Post-ի և ABC News-ի հետազոտությունը ցույց էր տվել, որ ԱՄՆ քաղաքացիների 59 տոկոսը Իրաքի պատերազմը սխալ է համարել։

The Washington Post-ի, ABC-ի և Ipsos-ի հետազոտության արդյունքներով՝ ամերիկացիների 48 տոկոսը նախընտրում է Իրանի հետ խաղաղ համաձայնագիր կնքել, նույնիսկ եթե դա հանգեցնի Միացյալ Նահանգների համար ավելի վատ պայմանների, իսկ 46 տոկոսը ցանկանում է «Իրանից ավելի լավ գործարք ստանալ, նույնիսկ եթե դա [նշանակի] ԱՄՆ ռազմական գործողությունների վերսկսում Իրանի դեմ»։ Իրադարձությունների զարգացման առաջին տարբերակին կհամաձայներ նաև անկախ ընտրողների 50 տոկոսը՝ 39ի դիմաց, և դեմոկրատների 76 տոկոսը։

Հարցումը նաև ցույց է տվել, որ ամերիկացիների 46 տոկոսը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանին հարվածելու որոշումը դիտարկում է որպես 2024 թվականին նախընտրական արշավի ընթացքում նրա տված՝ արտասահմանյան պատերազմների մեջ չմտնելու խոստումների խախտում։ Նույն կարծիքին է նաև հանրապետականների 10-ից 2-ը, 10-ից 3-ը դժվարացել է պատասխանել։ 56 տոկոսը նշել է, որ ամերիկյան վարչակազմի գործողությունները մեծացնում են ԱՄՆ հարաբերությունների վատթարացման ռիսկը դաշնակիցների հետ։ Սա կապված է նաև եվրոպական երկրների հասցեին Թրամփի քննադատության հետ՝ ԱՄՆ գործողությունների նկատմամբ նրանց արձագանքի պատճառով, ինչպես նաև Պարսից ծոցում ամերիկյան դաշնակիցներին հասցված վնասի հետ, որոնք տուժել են Իրանի պատասխան հարվածներից։

Բացի այդ, ինչպես գրել է The Washington Post-ը, փետրվարից, երբ ԱՄՆ-ը սկսեց Իրանի դեմ գործողությունը, այն ամերիկացիների բաժինը, որոնք հայտնել են, որ «ֆինանսական առումով հետ են մնում», աճել է 17ից մինչև 23 տոկոսի։

Հարցումն անցկացվել է ապրիլի 24-28-ին։ Դրան մասնակցել է 18 տարեկանից բարձր 2 560 ամերիկացի։ Վրիպանքը կազմել է 2 տոկոսային կետ։