Ամեն անգամ, երբ Բրյուսելում խոսում են «MFR»-ի մասին, նշվում են մարդկային երևակայությունից դուրս թվեր: MFR-ը «բազմամյա ֆինանսական շրջանակային ծրագիրն» է, այսինքն՝ ԵՄ բյուջեն 2028–2034 թվականների համար: Քննարկվում է ավելի քան երկու տրիլիոն եվրո գումար, հայտնում է Bild-ը:
Երկու տրիլիոն եվրոյի բյուջեն Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն առաջարկել էր դեռևս անցյալ տարի: «Չափազանց քիչ է»,- այժմ որոշել է Եվրոպառլամենտը և պահանջել ավելացնել այն ևս տասը տոկոսով: Ինչպե՞ս պատկերացնել թեկուզ մեկ տրիլիոն եվրոն: Ֆիզիկոս Վինս Էբերտը մի առիթով դա բացատրել է այսպես. եթե ամեն վայրկյան 100 եվրոյանոց մեկ թղթադրամ տեղադրվի կոնֆետտի-թնդանոթի մեջ, այդպիսի թղթադրամների պաշարը կբավականացնի 317 տարի:
Ֆինանսական կարիքների աճը բացատրվում է ԵՄ նոր խնդիրներով. պաշտպանություն, թվայնացում և կլիմայի պաշտպանություն: Միևնույն ժամանակ, գյուղատնտեսության և թույլ զարգացած տարածաշրջանների առատաձեռն ֆինանսավորումը պետք է մնա նախկին մակարդակին: Ծախսերը ծածկելու համար պատգամավորներն առաջարկում են եկամտի նոր աղբյուրներ. գաղափարները տատանվում են ծխախոտի հարկի մասնաբաժնից և առցանց խաղադրույքների վճարից մինչև կրիպտոարժույթների հարկումը: Նախևառաջ ենթադրվում է, որ ամերիկյան թվային կոնցեռնները, ինչպիսիք են Google-ը, Amazon-ը և Meta-ն, կվճարեն թվային հարկ, իսկ Չինաստանը՝ նոր մաքսատուրք Temu և Shein ընկերությունների՝ էժան ապրանքների մատակարարման համար:




























