Միավորված ազգերի կազմակերպությունում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչը կրկին կոչ է արել պատասխանատվության ենթարկելու այն պետություններին, որոնք մասնակցել են Իսլամական Հանրապետության դեմ ամերիկա-իսրայելական չարդարացված ագրեսիային, հայտնում է Press TV-ն:
Ամիր-Սայիդ Իրավանին այս հայտարարություններն արել է հինգշաբթի ՄԱԿ-ի ղեկավարին և Անվտանգության խորհրդի նախագահին հասցեագրված նամակում՝ ի պատասխան վեց արաբական երկրի՝ ներառյալ Կատարի, Բահրեյնի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի և Հորդանանի կողմից այդ միջազգային մարմնին ուղարկված հակաիրանական նամակների:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ևս մեկ անգամ վերահաստատում է իր հստակ և հետևողական դիրքորոշումը, ըստ որի՝ բոլոր այն պետությունները, որոնց միջազգային մակարդակով հակաիրավական գործողությունները դեր են խաղացել իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Միացյալ Նահանգների և Իսրայելի ագրեսիայի մեջ, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- հայտարարել է նա:
Իրավանին նաև ընդգծել է, որ Պարսից ծոցի առափնյա պետությունները պարտավոր են լիարժեքորեն հատուցել Իրանի Իսլամական Հանրապետությանը հասցված վնասը, ներառյալ՝ փոխհատուցումն ամբողջ նյութական և բարոյական վնասի համար, որը պատճառվել է միջազգային ասպարեզում նրանց հակաիրավական գործողությունների հետևանքով:



























