Դնեպրոպետրովսկի պայթյունները ծանր հետեւանքներ չունեն, հայտնել են Ուկրաինայի ՆԳՆ-ում: Հետաքննիչ մարմինները քաղաքում կատարվածը կապում են նոյեմբերին կատարվածի հետ, երբ գործի էր դրվել աղբարկղում տեղադրված պայթուցիկ սարքը:
Փորձագետները հաստատել են, որ նախօրեին պայթած բոլոր 4 ռումբերը ճառագայթող տարրերով հագեցած չեն եղել: Պայթյունների հետեւանքով վնասվել են 29 մարդ, նրանցից 15-ը հիվանդանոցում են: Քրեական գործ է հարուցվել «Ահաբեկչություն» հոդվածով:
Քաղաքի կենտրոնական մասը փակ է երթեւեկության համար, բացառություն են կազմում միայն հատուկ մեքենաները, հաղորդում է «vesti.ru»-ն:
Չնայած որ Ուկրաինայի Գերագույն ռադան հրաժարվել է արտակարգ իրավիճակ հայտարարել, քաղաքի բոլոր ուժային ծառայությունները գերագույն պատրաստականության ռեժիմի են բերվել, լրացուցիչ ուժեր են ներգրավվել հարեւան Զապորոժյեից: Մինչեւ մայիսի մեկը ներատյալ քաղաքում արգելված են բոլոր միջոցառումները: ՆԳՆ-ում վստահեցրել են, որ նոր պայթյունների վտանգ չկա, եւ մարդկանց կոչ են արել հանգստության:
Գիշերը դեպքի վայրում աշխատանքներն են շարունակել փորձագետները: Մեկ տարի առաջ տեղի ունեցած նմանատիպ աղբարկղի պայթյունի ժամանակ մեկ մարդ էր զոհվել: Այն ժամանակ չէին կարողացել գտնել ահաբեկիչներին:
Եվրո-2012-ի նախօրեին Դնեպրոպետրովսկում պայթյունները լուրջ տարաձայնություններ են առաջացրել Եվրոպայում: Քաղաքը երկար ժամանակ չեմպիոնատի եզրափակչի անցկացնելու թեկնածուների շարքում էր, սակայն այդպես էլ հյուրընկալող կողմ չդարձավ: Այնուամենայնիվ, ՈՒԵՖԱ-ում արդեն հայտարարել են, որ մրցումները չեն պատրաստվում տեղափոխել Ուկրաինայից : Ապրիլի 28-ին Դնեպրոպետրովսկ է մտադիր ժամանել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը` հետաքննության ընթացքը ստուգելու համար:




























