Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին։

Ըստ Զելենսկու, Սլովակիան հայտարարել է, որ աջակցում է Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը։

«Մեզ անհրաժեշտ են ամուր հարաբերություններ մեր երկրների միջև, և մենք երկուսս էլ հետաքրքրված ենք դրանով։ Կարևոր էր լսել, որ Սլովակիան աջակցում է Ուկրաինայի անդամակցությանը Եվրոպական միությանը և պատրաստ է կիսվել անդամակցության իր փորձով։ Ես վարչապետին հրավիրել եմ այցելել Կիև և շնորհակալություն հայտնել նրան Բրատիսլավա այցելելու հրավերի համար։ Մենք նաև քննարկել ենք մոտ ապագայում անձնական հանդիպման հնարավորությունը։ Մեր թիմերը կաշխատեն դրա պլանավորման վրա»,- գրել է Զելենսկին X սոցիալական ցանցում։

Ապրիլի վերջին Սլովակիայի ԱԳ նախարար Յուրայ Բլանարը հայտարարել էր, որ իր երկիրն այլևս չի արգելափակի Եվրամիության՝ Ռուսաստանի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթի ընդունումը՝ «Дружба» նավթամուղով նավթի կայուն մատակարարումների պայմանով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ երկրների դեսպանները հավանություն են տվել Ռուսաստանի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթին, ինչպես նաև Ուկրաինայի համար €90 մլրդ ֆինանսավորմանը։ Ակնկալվում է, որ որոշումների վերջնական հաստատումը կկայանա ԵՄ արտաքին գործերի նախարարների մակարդակով՝ գրավոր ընթացակարգով։