Գվինեա-Բիսաուում իշխանությունը զավթած զինվորականները ազատել են  իրենց կողմից  ավելի վաղ ձերբակալված  նախագահի պարտականությունները կատարող Ռայմունդո Պերեյրոյին եւ նախկին վարչապետ Կարլուշ Գոմեշ Ժունիորին: Ապրիլի 27-ի երեկոյան նրանք ժամանել են Կոտ դ’Իվուար , հաղորդում է AFP-ը:

Գվինեա-Բիսաուի նախկին առաջնորդների ազատ արձակումն ավելի վաղ պահանջել էր Արեւմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համագործակցությունը (ԷԿՕՎԱՍ):

Նաեւ ապրիլի 27-ին Գվինեա-Բիսաուի խունտան հայտարարել էր, որ անցումային շրջանի  ժամկետը կկրճատի 2 տարվանից մինչեւ 12 ամիս: Բացի դրանից, զինվորականները հավանություն են տվել երկրում ԷԿՕՎԱՍ-ի զորքերի տեղակայմանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: 

Նախօրեին Էկովասը որոշում էր կայացրել զորքեր ուղարկել Մալի եւ Գվինեա-Բիսաու, որպեսզի վերահսկի այդ երկրներում քաղաքական ճգնաժամի խաղաղ կարգավորումը:

Հիշեցնենք, որ Գվինեա-Բիսաուում պետական հեղաշրջումը տեղի էր ունեցել ապրիլի 12-ին` ապրիլի 29-ին նախատեսված նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախաշեմին: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, զինվորները եւ սպաները ձերբակալել էին երկրի ժամանակավոր նախագահ Ռայմունդո Պերեյրոյին եւ վարչապետ Կարլուշ Գոմեշ Ժունիորին: Տեղական բանակի հրամանատարությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր իշխանությունն իրենց ձեռքերում  պահելու անցանկալիության եւ այն շուտով քաղաքացիական կառավարությանը փոխանցելու մտադրութան մասին: Ըստ զինվորականների` նրանք ստիպված են եղել տապալել գործող իշխանությունը, քանի որ իմացել էին երկրի ղեկավարության եւ Անգոլայի միջեւ դավադրության մասին: