Մեքսիկայի Սինալոա նահանգի ղեկավար Ռուբեն Ռոչան ուրբաթ ուշ երեկոյան հայտնել է, որ հրաժարական է տալիս այն բանից մի քանի օր հետո, երբ ԱՄՆ-ը հայտարարել է, որ նրան և իշխող կուսակցության այլ պաշտոնյաների մեղադրանք է առաջադրել Սինալոա կարտելի հետ ենթադրյալ առնչություն ունենալու համար, ինչը դարձել է Մեքսիկայի նկատմամբ ԱՄՆ վերաբերմունքի լուրջ սրացման պատճառ, գրել է Reuters-ը։
Թեև Ռոչան հայտարարել է, որ ժամանակավորապես հրաժարվում է պաշտոնից, Սինալոայի կառավարության հրապարակած հայտարարության մեջ նա իր դեմ առաջադրված մեղադրանքներն անվանել է կեղծ և չարամիտ։
«Ես կարող եմ նայել իմ ժողովրդի և իմ ընտանիքի աչքերին, որովհետև ես նրանց չեմ դավաճանել և երբեք չեմ դավաճանի, և ես դա վճռականորեն ցույց կտամ այն պահին, երբ դա կպահանջեն մեր երկրի արդարադատության հաստատությունները», - ասել է նա։
Ռոչան իշխող «Մորենա» կուսակցության անդամ է։
ԱՄՆ արդարադատության նախարարության որոշումը՝ նրան և իշխող կուսակցության այլ պաշտոնյաների մեղադրել «Սինալոա» կարտելի առաջնորդների հետ դավադրության մեջ՝ հսկայական խմբաքանակներով ԱՄՆ թմրանյութեր ներմուծելու նպատակով, քաղաքական աջակցություն և կաշառքներ ստանալու դիմաց, Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումին դրել է բարդ քաղաքական իրավիճակի մեջ, նշել է գործակալությունը։





























