Իրանի ազգային տանկերային ընկերությանը պատկանող խոշոր, հում նավթ փոխադրող նավը (VLCC) հաջողությամբ խույս է տվել ԱՄՆ ռազմածովային ուժերից և հասել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան՝ տեղափոխելով ավելի քան 1,9 միլիոն բարել հում նավթ՝ գրեթե 220 միլիոն դոլար արժեքով, հայտնում է մոնիթորինգային TankerTrackers.com ծառայությունը։

Ծառայության X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ նավը «հսկայական» է, և վերջին անգամ այն տեսել են Շրի Լանկայի ափերի մոտ ավելի քան մեկ շաբաթ առաջ։

Ներկայումս տանկերն անցնում է Ինդոնեզիայի Լոմբոկի նեղուցով՝ ուղղվելով դեպի Ռիաու արշիպելագ։

TankerTrackers.com-ը հայտնում է, որ սուպերտանկերը գտնվել է իրանական ջրերում ապրիլի 13-ին, երբ ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտարարեցին իրանական նավահանգիստների շրջափակման մասին։

Հաղորդագրության համաձայն, նավը մարտի 20-ից սկսած ավտոմատ նույնականացման համակարգով (AIS) հաղորդումներ չի փոխանցել, երբ այն լքել էր Մալակկայի նեղուցը և ուղևորվել դեպի Իրան։

Այս հաղորդագրությունը հայտնվել է այն բանից հետո, երբ ապրիլի 29-ին իրանական ԶԼՄ-ները հայտարարեցին, որ առնվազն 52 իրանական նավ խախտել է ամերիկյան շրջափակումը։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ զինված ուժերում հայտարարել են, որ շրջափակման սկզբից ի վեր իրենք ստիպել են Իրանի հետ կապված մոտ 41 նավի փոխել երթուղին։

ԱՄՆ պաշտոնյաները հայտարարում են, որ շրջափակումը գործում է և Իրանից խլել է միլիարդավոր դոլարների եկամուտ։ ԱՄՆ-ը հայտարարում է, որ Իրանը չի կարող նավթ արտահանել և ստիպված կլինի այն պահեստավորել այնքան ժամանակ, մինչև պահեստավորման հնարավորությունները սպառվեն և արդյունահանումը դադարի, փոխանցում է Al Jazeera-ն։