Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է ավիաընկերությունների համար կանոնների ժամանակավոր մեղմացման մասին՝ այս ամռանը ավիափոխադրումների հետ կապված հնարավոր խնդիրների ֆոնին, որոնք պայմանավորված են ավիավառելիքի բարձր գներով, հայտնում է Sky News-ը։
Բրիտանիայի տրանսպորտի նախարարության հայտարարության համաձայն, փոխադրողներին թույլ կտան տարբեր չվերթների ուղևորներին միավորել և կրճատել օդանավերի քանակը այն երթուղիներում, որտեղ մեկ օրվա ընթացքում իրականացվում է միևնույն նշանակետ մեկնող մի քանի չվերթ։
Սա նշանակում է, որ ուղևորներին կարող են տեղափոխել իրենց սկզբնական չվերթից մեկ այլ նմանատիպ չվերթ, որպեսզի խուսափեն ցածր բեռնվածությամբ թռիչքներից և կրճատեն վառելիքի ծախսը։
Որոշումն արդեն վեճերի առիթ է տվել։ Պահպանողական կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ նոր կանոնները կարող են ավիաընկերություններին թույլ տալ «ուղևորներին տեղափոխել մեկ այլ ինքնաթիռ՝ փոխադրողի համար ցանկացած հարմար պահի»։ Իր հերթին Which? սպառողական կազմակերպությունը նախազգուշացրել է, որ «կանոնները չպետք է փոխվեն բացառապես ավիաընկերությունների շահերից ելնելով»։
Սակայն Բրիտանիայի տրանսպորտի նախարարությունում պնդում են, որ այս միջոցը պետք է բարձրացնի չվացուցակի կանխատեսելիությունը և ուղևորներին տա «ավելի մեծ վստահություն» ավիափոխադրումների շուկայում անկայունության շրջանում։





























