Վրաստանը սեփական սպառազինությունն է թողարկում: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին` դպրոցականների միջազգային օլիմպիադայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

«2008-ի օգոստոսյան պատերազմից հետո կար ժամանակաշրջան, երբ Վրաստանի համար բարդ էր զենք գնելը եւ այդ ժամանակ մեր ինժեներները ստեղծեցին 100 տոկոսանոց վրացական զենքի արտադրություն»,-ասել է նա:

Սահակաշվիլին թվարկել է, թե զենքի ինչ տեսակներ են արտադրվում Վրաստանում` հրետանային զենք, թռչող սարքեր, զրահատեխնիկա, մարտական մեքենաներ, հակատանկային զինատեսակներ «եւ դա միայն սկիզբն է»:

«Մենք ուզում ենք, որ Վրաստանը դառնա միջազգային մասշտաբի տեխնոլոգիական կենտրոն եւ տեխնոլոգիաներ արտահանի»,- հայտարարել Վրաստանի նախագահը, հաղորդում է «Ռոսբալտը»:

Սահակաշվիլին նաեւ հայտնել է, որ մոտ ժամանակներս Բաթումիում կբացվի ամերիկյան տեխնոլոգիական ինստիտուտ: Ներկայումս ջանքեր են գործադրվում Վրաստանում նաեւ եվրոպական տեխնոլոգիական բուհ բացելու ուղղությամբ: