«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շարունակում է աշխատանքային այցերը մարզեր՝ շեշտը դնելով բնակիչների հետ անմիջական շփման վրա։ Այցի հերթական փուլը տեղի է ունենում Շիրակի մարզում, որտեղ հանդիպումները կազմակերպվում են բաց ձևաչափով՝ առանց ձևականությունների և կոնկրետ խնդիրներ քննարկելու հնարավորությամբ։
Հաջորդ հանդիպումը կայացավ Մեղրաշեն գյուղում։ Այստեղ Գագիկ Ծառուկյանին դիմավորում են ավանդական աղ ու հացով, երկինք են բաց թողնում աղավնիներ։ Դիմելով բնակիչներին՝ նա ընդգծում է, որ եկել է ոչ թե ձևական ելույթներ ունենալու, այլ բովանդակային զրույցի համար։ «Ես եկել եմ հատուկ ձեզ հետ հանդիպելու, ձեզ լսելու և ձեր հարցերին պատասխանելու համար։ Իմ ցանկությունն է ոչ թե մեծ հավաքներ անցկացնել, այլ անձամբ շփվել մարդկանց հետ՝ կոնկրետ հարց, կոնկրետ պատասխան», — նշել է Ծառուկյանը։
Նրա խոսքով՝ գյուղական բնակավայրերի խնդիրները ողջ երկրում հիմնականում նույնն են՝ մաշված տեխնիկա, անմշակ հողեր, ոռոգման ջրի պակաս, բերքի իրացման դժվարություններ։ «Տեխնիկան հնացած է, ծախսերը աճել են, և գյուղացին չի կարող արդյունավետ աշխատել։ Պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել մարդկանց», — ընդգծել է նա։
Ծառուկյանը կարևորել է գյուղատնտեսության ոլորտում համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը՝ ներառյալ տեխնիկայի արդիականացումը, սերմնաբուծության զարգացումը և մթերքի պահպանման ու իրացման ենթակառուցվածքների ստեղծումը։ «Պետք է ներդնել ժամանակակից տեխնիկա, թարմացնել սերմերը, ստեղծել պայմաններ, որ գյուղացին կարողանա աշխատել ու վաստակել, ոչ թե մտածի՝ ինչպես փակել պարտքերը», — ասել է նա։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը անդրադարձել է նաև առաջիկա ընտրություններին՝ ընդգծելով քաղաքացիների մասնակցության կարևորությունը։ «Խնդիրների լուծման բանալին ձեր ձեռքերում է։ Անպայման մասնակցեք ընտրություններին և ընտրեք ձեր խղճով», — կոչ է արել նա։
Պատասխանելով վարչապետի պաշտոնի համար պայքարին մասնակցելու մասին հարցին՝ Ծառուկյանը նշել է, որ իր համար կարևորն արդյունքն է, ոչ թե պաշտոնը։ «Հնարավորություն տվեք՝ ես կլինեմ։ Բայց ամենակարևորը՝ երկիրը պետք է ղեկավարի այն մարդը, ով կարող է ապահովել զարգացում և ուշադրություն ժողովրդի նկատմամբ», — ընդգծել է նա։
Մեղրաշենի բնակիչները շնորհակալություն են հայտնել Ծառուկյանին իրականացվող ծրագրերի համար, այդ թվում՝ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման նախաձեռնության համար։ Ի պատասխան՝ նա կարևորել է հանրության մասնակցությունը։ «Ֆինանսավորումը մեկ բան է, բայց կառուցողը ժողովուրդն է։ Յուրաքանչյուրը կարող է իր ներդրումն ունենալ», — նշել է նա։
Այցի շրջանակում Ծառուկյանը այցելել է նաև 1828 թվականին կառուցված եկեղեցի, որը վերանորոգման կարիք ունի։
Մեղրաշենից հետո կուսակցության առաջնորդը չնախատեսված կանգառ է կատարել Երևան–Գյումրի ավտոճանապարհին, որտեղ նրան դիմավորել են Բենյամին գյուղի բնակիչները։ Չնայած անձրևին՝ մարդիկ սպասում էին հանդիպմանը։ «Շատ հուզված եմ այս վերաբերմունքից։ Շնորհակալ եմ ձեզ», — նշել է նա։
Հաջորդ կանգառը Ազատան գյուղն էր, որտեղ Ծառուկյանին ևս դիմավորեցին ավանդական ձևով՝ աղ ու հացով և զուռնա-դհոլով։ Մինչ հանդիպման սկիզբը նա հարգանքի տուրք մատուցեց պատերազմում զոհվածների հիշատակին։
Ազատանցիները բարձրացրին երկրի անվտանգության և ապագայի հարցերը։ «Մեզ պետք է երաշխավորված խաղաղություն», — նշում էին նրանք։
Ծառուկյանը իր հերթին ընդգծեց կայուն խաղաղության անհրաժեշտությունը։ «Խաղաղությունը պետք է լինի երաշխավորված և ամրապնդված հզոր պետությունների աջակցությամբ։ Միայն այդպես կարելի է բացառել պատերազմի վտանգը», — ասաց նա։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև պատերազմի հետևանքով տուժածների և գերիների խնդիրները։ Ծառուկյանը նշեց, որ պետությունը պարտավոր է ապահովել նրանց լիարժեք աջակցություն։
Առանձնահատուկ անդրադարձ եղավ նաև հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման հարցին։ Ծառուկյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է նախապես պատրաստ լինի տնտեսական մրցակցությանը։ «Մինչ սահմանները բացելը պետք է հասկանալ՝ արդյոք պատրաստ ենք մրցակցությանը», — հայտարարել է նա։
Կամո գյուղում, որտեղ հանդիպումը տեղի ունեցավ բնակիչների նախաձեռնությամբ, քննարկվեցին գյուղատնտեսության և ենթակառուցվածքների խնդիրները։ Ծառուկյանը ընդգծեց, որ զարգացման ծրագրերը պետք է հիմնվեն մարդկանց իրական կարիքների վրա։ «Սա կաբինետային որոշում չէ․ սա այն է, ինչ ասում են մարդիկ», — նշել է նա։
Բնակիչները բարձրացրին տարբեր խնդիրներ՝ որակյալ սերմերի պակասից մինչև բերքի իրացման դժվարություններ։ «Գյուղացին ամբողջ տարի աշխատում է, բայց չի կարողանում նույնիսկ ծախսերը փակել», — նշում էին նրանք։
Ծառուկյանը ներկայացրեց լուծումների իր մոտեցումները՝ ներառյալ սերմնային ֆոնդի թարմացումը, սառնարանային տնտեսությունների կառուցումը և գյուղատնտեսության արդյունավետության բարձրացումը։
Չնայած խիստ հագեցած գրաֆիկին՝ նա ընդունեց նաև գյուղացիներից մեկի հրավերը և այցելեց նրա տուն։ Ջերմ, ոչ պաշտոնական միջավայրում զրույցը շարունակվեց սեղանի շուրջ, որտեղ հնչեցին շնորհակալության և աջակցության խոսքեր։
Հանդիպումների ավարտին բնակիչները հույս հայտնեցին, որ նման շփումները շարունակական կլինեն և կհանգեցնեն դրական փոփոխությունների։ «Մեզ պետք է ուժեղ և պատասխանատու առաջնորդ», — նշում էին նրանք՝ ընդգծելով գործնական արդյունքների և մարդկանց խնդիրների նկատմամբ ուշադրության կարևորությունը։











