Կոլումբիայում մոնստր-տրակների ցուցադրության ժամանակ մեկ ավտոմեքենայի՝ հանդիսատեսի ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս մոտ 40-ը վնասվածքներ են ստացել, հայտնում է Noticias Caracol (NC) հեռուստաալիքը։

«Դեպքի վայր են ժամանել մի քանի շտապօգնության մեքենաներ՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։ Թեև նախնական հաղորդագրություններում նշվում էր, որ տուժել է առնվազն 15 մարդ, նրանց թիվը գրեթե հասել է 40-ի»,- ասվում է հրապարակման մեջ։

Հաղորդվում է, որ զոհվածներից մեկը երեխա է։ Վթարի պահին մոնստր-տրակի ղեկին կին է եղել։

«Ամեն ինչ ընթանում էր սովորականի պես, բայց հանկարծ, [մեքենայի՝ թռիչքահարթակի վրայով ցատկելու] ժամանակ, կինը, ըստ երևույթին, կորցրել է մեքենայի կառավարումը, և այն կտրուկ շեղվել է ուղիղ դեպի ամբոխը»,- նշում է պարբերականը։