Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ քաղաքի արևմուտքում՝ Մոսֆիլմովսկայա փողոցի շրջանում, ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է շենքերից մեկին։ «Տուժածներ չկան։ Ծառայություններն աշխատում են դեպքի վայրում»,- գրել է նա իր տելեգրամյան ալիքում։ Mash-ի տվյալներով՝ հարվածը հասցվել է «Մոսֆիլմովսկայայի տան վրա» գտնվող բնակելի համալիրին։ Անօդաչուն բախվել է շենքին գիշերը՝ ժամը մեկի սահմաններում, ինչի հետևանքով 36-րդ հարկի բնակարաններից մեկում երեք սենյակների պատեր են փլուզվել։ Ճակատային հատվածի մի մասն ընկել է շենքի մոտ կայանված մեքենայի վրա։ Ապակիների ու պատերի բեկորները ցրվել են տասնյակ մետրեր։ Astra-ի հաշվարկներով՝ վնասված շենքի ու Կրեմլի միջև ընկած հեռավորությունը կազմում է մոտ 6 կմ։
Ավելի ուշ Սոբյանինը հայտնել է նաև հակաօդային պաշտպանության ուժերի կողմից դեպի Մոսկվա թռչող ևս երկու դրոնի խոցման մասին։ Նա չի հստակեցրել, թե որտեղ են դրանք խոցվել՝ միայն հավելելով, որ արտակարգ ծառայությունների մասնագետներն աշխատում են բեկորների ընկնելու վայրերում։ ՌԴ պաշտպանության նախարարության ամփոփագրի համաձայն՝ անցած գիշեր երկրի տարածքի վրա հակաօդային պաշտպանությունը «որսացել և ոչնչացրել է» ուկրաինական ինքնաթիռային տիպի 117 անօդաչու թռչող սարք։ Դրոններ են նկատվել Մոսկվայի, Աստրախանի, Բելգորոդի, Վորոնեժի, Վոլգոգրադի, Կալուգայի, Կուրսկի և այլ մարզերի երկնքում։ Օդային հարձակման ֆոնին Ռոսավիացիան սահմանափակել է Պենզայի, Սարատովի, Ուլյանովսկի, Սամարայի և Օրենբուրգի օդանավակայանների աշխատանքը։ Մոսկովյան «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայանները չվերթներն ընդունել և իրականացրել են համաձայնեցված ռեժիմով։
Նախօրեին՝ մայիսի 3-ին, ուկրաինական անօդաչուները դարձյալ թիրախավորել էին Մոսկվան։ Սոբյանինի տվյալներով՝ խոցվել էր ութ դրոն։ Առաջին որսացված ԱԹՍ-ի մասին քաղաքապետը հայտնել էր գիշերվա ժամը մեկին մոտ, իսկ վերջին երկուսի մասին՝ երեկոյան ժամը վեցի սահմաններում։ «Վնուկովո» և «Շերեմետևո» օդանավակայանները նույնպես ժամանակավորապես դադարեցրել էին թռիչքները։
Մայիսի 9-ի Հաղթանակի շքերթից առաջ Ուկրաինայի զինված ուժերը նոր թափով են սկսել անօդաչուներով հարձակվել Ռուսաստանի մայրաքաղաքի վրա։ Միևնույն ժամանակ, ՌԴ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2007 թվականից ի վեր առաջին անգամ միջոցառմանը ռազմական տեխնիկայի շարասյուն չի լինելու։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ շքերթը կանցկացվի «կրճատ ձևաչափով»՝ ելնելով «օպերատիվ իրավիճակից» և Կիևի կողմից բխող «ահաբեկչական սպառնալիքից»։
Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում առաջարկել է մայիսի 9-ի կապակցությամբ ուկրաինական պատերազմում զինադադար հայտարարել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, սակայն, արձագանքել է, որ Կիևը ձգտում է հաստատուն ու երկարատև հրադադարի, այլ ոչ թե «մի քանի ժամով» դադարի՝ պարզապես Մոսկվայում ռազմական շքերթ անցկացնելու համար։





























