Հայաստանը չպետք է դառնա օտար պատերազմների հարթակ և գործիք։ Այս մասին մայիսի 4-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի առջև, որտեղ ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախկին մարդու իրավունքների պաշտպան, «Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանը։
Մեկնաբանելով Ուկրաինայի նախագահի ելույթը՝ Թաթոյանը, մասնավորապես, նշել է, որ Վլադիմիր Զելենսկին Հայաստան է ժամանել Ադրբեջան կատարած այցից հետո։ Ավելին, ավելի վաղ Գաբալայում նա մի շարք երկկողմ համաձայնագրեր է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ համաձայնագրերը հիմնականում վերաբերում են պաշտպանական ոլորտում համագործակցությանը և անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրությանը։ Ըստ ընդդիմադիր գործչի՝ ուկրաինացի առաջնորդը Երևանում նաև հայտարարել է, թե Ռուսաստանը «չի կարող անվտանգության հույս ունենալ մայիսի 9-ին», քանի որ «ուկրաինական անօդաչուները կարող են հասնել Մոսկվա»։
Միևնույն ժամանակ, Արման Թաթոյանն ընդգծել է Ռուսաստանի հետ Հայաստանի տնտեսական կապերի նշանակությունը՝ նշելով դրամական փոխանցումների, ներդրումների ու առևտրի դերը, ինչպես նաև այդ գործոնների ազդեցությունը հայ ընտանիքների վրա՝ թե՛ բուն Հայաստանում, թե՛ դրա սահմաններից դուրս։ «Երբ մի պետության ղեկավար, որը հենց նոր ռազմաարդյունաբերական համաձայնագրեր է ստորագրել Ադրբեջանի հետ, Երևանը օգտագործում է որպես հարթակ՝ սպառնալիքներ հնչեցնելու մի քաղաքի հասցեին, որտեղ ապրում և աշխատում են հայ վարորդը, հայ շինարարը, հայ ծրագրավորողը, սա դիվանագիտություն չէ։ Սա քաղաքական անպատասխանատվություն է, որի գինը վճարվելու է ոչ թե իշխանական կաբինետներում, այլ հայկական ընտանիքներում՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում։ Ընդունող կողմը դրա համար կրում է ամբողջական պատասխանատվությունը», - ընդգծել է Թաթոյանը։
Միևնույն ժամանակ, նա հստակեցրել է, որ սատարում է Հայաստանի զարգացման եվրոպական ուղուն և կողմ է արտաքին կապերի դիվերսիֆիկացմանը։ Թաթոյանը նաև ընդունել է, որ Մոսկվայի հետ հարաբերությունները չեն կարող հեշտ լինել, և բազմաթիվ հարցեր վերանայման կարիք ունեն։ «Բայց ինքնիշխան քաղաքականությունը սեփական շահերը հաշվարկելու և ոչ թե ուրիշների սպասումների մասին է»,- ընդգծել է ընդդիմադիր գործիչը։
Արման Թաթոյանը համոզված է՝ Հայաստանը, առաջին հերթին, պարտավոր է մտածել իր քաղաքացիների մասին՝ թե՛ երկրի ներսում, թե՛ դրա սահմաններից դուրս:











