Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները մայիսի 4-ին բողոքի ակցիա են իրականացրել՝ զուգահեռ Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։

Ակցիայի մասնակիցները պահանջել են ապահովել արցախահայության իրավունքների պաշտպանությունը և ազատ արձակել Բաքվում պահվող անձանց։ Բողոքի միջոցառումը կազմակերպվել էր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի առջև, որտեղ անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։

Մասնակիցներն իրենց մոտ ունեցել են «Ազատություն հայ քրիստոնյա պատանդներին», «Վերադարձրեք քրիստոնյա հայերին» և «Արցախը Հայաստան է» գրություններով պաստառներ։

Ակցիային մասնակցել են ինչպես արցախցիներ, այնպես էլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու քաղաքական գործիչներ։

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի խոսքով՝ մինչ Հայաստանի գործող իշխանությունները խոսում են ժողովրդավարությունից, դրա սկզբունքները ոտնահարվում են, ինչի վկայությունն են քաղբանտարկյալների առկայությունը, ատելության հռետորաբանությունը և Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ ոտնձգությունները։ «Մինչ նրանք խոսում են խաղաղության և արցախցիների իրավունքների պաշտպանության մասին՝ իրականությունն այն է, որ մեր բոլոր իրավունքները ոտնահարվում են, իսկ իշխանությունները դրա հեղինակն են կամ աջակցում են ադրբեջանական խախտումներին»,- նշել է ԼՂ նախկին պետնախարարը։

Ակցիայի մասնակիցները եվրոպացի առաջնորդներից պահանջել են պատշաճ ուշադրություն դարձնել վերը նշված խնդիրներին։

Բեգլարյանի փոխանցմամբ՝ իրենց պահանջների թվում են գերիների ազատ արձակումը, Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության և մասնավոր սեփականության պաշտպանությունը, ինչպես նաև բռնի տեղահանված հայերի վերադարձի հարցը։ «Պահանջում ենք՝ ուշադրության ներքո պահել այդ խնդիրները: Չեմ ակնկալում, որ մեկ ակցիայով հասնելու ենք որևէ հաջողության, բայց պետք է լինենք հետեւողական՝ նաև այսպիսի հնարավորություններն օգտագործելով»,- հավելել է նա։

Նրա կարծիքով՝ ակցիան պետք է նաև նվազեցնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ եվրոպացի առաջնորդների ցուցաբերած կույր աջակցությունը։

Ակցիային մասնակցել է նաև «Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Մենք պետք է ցույց տանք, թե Հայաստանը որպես պետություն ինչ է ակնկալում այս գագաթնաժողովից», - հայտարարել է ընդդիմադիր կուսակցության նախագահը։

Նա նշեց, որ եթե Հայաստանը որևէ արդյունք չստանա գագաթնաժողովից, ապա այն կլինի ընդամենը գեղեցիկ ու թանկարժեք կազմակերպված, բայց հայ ժողովրդի համար բացարձակապես անիմաստ միջոցառում։

Թաթոյանի կարծիքով՝ գագաթնաժողովի մասնակիցները պետք է ցույց տան, որ Հայաստանի գործող իշխանությունները կապ չունեն ո՛չ մարդու իրավունքների, ո՛չ էլ ժողովրդավարության հետ։

«Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հարցը Փաշինյանն իր տնից չի բերել։ Այնպես որ, նա չէ, որ պետք է այստեղ որևէ բան որոշի։ Դա միջազգայնորեն ամրագրված իրավունք է»,- ընդգծել է ընդդիմադիր գործիչը։