Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը ներկայացրել է քննարկումների հիմնական ուղղությունները։
Առանցքային թեմաներից մեկը կլինի Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Սթարմերն ընդգծել է, որ հակամարտության հետևանքներն արդեն իսկ զգալի են, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում, ինչը գագաթնաժողովի մասնակից երկրների միջև գործողությունների համակարգումը դարձնում է շատ կարևոր։
«Այսօր մենք կքննարկենք Ուկրաինայի հարցը և այն, թե էլ ինչ կարող ենք անել նրան աջակցելու և մեզ անհրաժեշտ տևական խաղաղությունն ապահովելու համար», — նշել է նա։
Քննարկումների առանձին հատվածն էլ նվիրված է լինելու Մերձավոր Արևելքի իրավիճակին, ներառյալ Իրանին և Հորմուզի նեղուցի շրջանում անվտանգության հարցերին։ Բրիտանիայի վարչապետի խոսքով՝ այս գործընթացներն ունեն գլոբալ ազդեցություն և առնչվում են բոլոր երկրների տնտեսությանն ու անվտանգությանը։
«Մենք այս ուղղությամբ աշխատում ենք եվրոպացի և այլ առաջնորդների հետ։ Սա անմիջականորեն կազդի բոլորիս վրա, քանի որ վերաբերում է յուրաքանչյուրին», — հայտարարել է Սթարմերը։
Գագաթնաժողովի շրջանակներում կդիտարկվի նաև Ուկրաինայի աջակցության եվրոպական ֆինանսական մեխանիզմի հարցը։ Սթարմերն ընդգծել է, որ Միացյալ Թագավորության մասնակցությունն այդ նախաձեռնություններին ունի ռազմավարական նշանակություն։
Նրա խոսքով՝ նման վարկային մեխանիզմը շահավետ կլինի միանգամից մի քանի կողմերի համար. Ուկրաինային՝ շարունակվող հակամարտության պայմաններում անհրաժեշտ ռեսուրսներ ստանալու համար, Մեծ Բրիտանիային՝ աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից, ինչպես նաև Լոնդոնի և Եվրոպական միության հարաբերությունների համար։
Այս հարցերի քննարկումներն ընթանում են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, որը Երևանում համախմբել է եվրոպական տասնյակ երկրների առաջնորդների և գործընկերների։











