Եվրոպական միությունը Հայաստան է ուղարկում փորձագետների խումբ, որը մասնագիտացած է ռուսական քարոզչության և միջամտության դեմ պայքարում, որպեսզի ուժեղացնի աջակցությունը նախկին խորհրդային հանրապետությանը լարված քաղաքական իրավիճակի պայմաններում, գրում է The Guardian-ը։
Պարբերականը ընդգծում է, որ ԵՄ-ն խորացնում է հարաբերությունները Հայաստանի հետ՝ Ուկրաինայում պատերազմի պատճառով ռուսական ազդեցության թուլացման ֆոնին։
Ակնկալվում է, որ Երևանում կայանալիք գագաթնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան պաշտոնապես կաջակցեն Հայաստանում արտաքին միջամտությանը հակազդելու ԵՄ առաքելության գաղափարին։ Կքննարկվեն նաև էներգետիկայի, տրանսպորտի և տնտեսական աջակցության հարցեր։
The Guardian-ը հիշեցնում է, որ ԵՄ-ն ձևավորում է 20–30 քաղաքացիական փորձագետներից բաղկացած խումբ՝ Հայաստանում երկամյա առաքելության համար։ Դրա նպատակն է ուժեղացնել արձագանքը ռուսական կիբերհարձակումներին, տեղեկատվական մանիպուլյացիաներին և միջամտությանը, ինչպես նաև հակազդել անօրինական ֆինանսական հոսքերին։
Բացի այդ, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը հայտարարել է «հիբրիդային արագ արձագանքման խմբի» ստեղծման մասին, որի խնդիրն է լինելու պայքարել արտաքին միջամտության դեմ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, որոնք համարվում են առանցքային՝ Հայաստանի հետագա արտաքին քաղաքական ուղեգիծը որոշելու համար։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը ԵՄ–Հայաստան գագաթնաժողովը անվանել է «մեր հարաբերություններում կարևոր հանգրվան»։
Հայաստանը երկար ժամանակ համարվում էր Կովկասում Ռուսաստանի ամենահավատարիմ դաշնակիցներից մեկը, սակայն հիասթափությունն ուժեղացավ այն բանից հետո, երբ Մոսկվան ռազմական օգնություն չցուցաբերեց Լեռնային Ղարաբաղում 2020 և 2023 թվականների հակամարտությունների ժամանակ։
Նույնիսկ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախնական ստորագրումից առաջ Հայաստանը ձգտում էր մերձենալ ԵՄ-ին։ Սակայն երկիրը շարունակում է մնալ Ռուսաստանի ուժեղ ճնշման տակ, որը դեռևս կարևոր առևտրային և անվտանգության գործընկեր է։ Մոսկվան սահմանափակումներ էր մտցրել հայկական հանքային ջրի և կոնյակի ներմուծման վրա՝ օգտագործելով տնտեսական ազդեցության լծակները։ Վլադիմիր Պուտինը նաև զգուշացրել էր Նիկոլ Փաշինյանին, որ ռուսական էժան գազի մատակարարումները կարող են վտանգվել, եթե Հայաստանը շարունակաբար ինտեգրվի Եվրոպային։
Եվրախորհրդարանի ֆրանսիացի ցենտրիստ պատգամավոր Նատալի Լուազոն հայտարարել է․ «Բախվելով նրանց, ովքեր ցանկանում են ճնշում գործադրել հայ ընտրողների վրա, երկիրը հույս ունի, որ Եվրոպական միությունը կօգնի անցկացնել ազատ և արդար ընտրություններ»։





























