Մենք չափազանց երախտապարտ ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերի համար, որը ստացանք Եվրոպական խորհրդարանում նրա ելույթից մի քանի շաբաթ անց։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ մենք ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեցինք մի բանաձև, որով ողջունում ենք Հայաստանի հավատարմությունը ամուր ժողովրդավարությանը, ինչպես նաև եվրոպական այն արժեքներին, որոնք բոլորս կիսում ենք։ Այս մասին մայիսի 4-ին Երևանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։

Նրա խոսքով՝ Երևանյան հավաքի նպատակը դաշնակիցների ու գործընկերների հետ կապերն ամրապնդելն է։ Մեցոլան նաև կարևորել է Կանադայի վարչապետի ներկայությունը գագաթնաժողովին։

«Վարչապետի հետ երեկվա հանդիպումը հիանալի էր։ Քննարկել ենք, թե ինչպես առավել սերտացնենք հարաբերությունները նրանց հետ, ովքեր մեզ պես հավատարիմ են մնում ժողովրդավարության սկզբունքներին։ Առանձնակի ուշադրություն ենք դարձնելու ապատեղեկատվությանն ու հիբրիդային վտանգներին, քանի որ դրանք լուրջ հարված են ժողովրդավարությանը», - հավելել է նա։

Մեցոլայի դիտարկմամբ՝ այսօր պատերազմները միայն ռազմադաշտում չեն, դրանք տեղափոխվել են նաև թվային տիրույթ։ «Մենք տեսնում ենք արհեստական բանականության բերած վտանգները, բայց դա չպետք է մեզ վախեցնի։ Ընդհակառակը՝ պետք է օգտագործենք այդ տեխնոլոգիան մեր խնդիրները լուծելու և ժողովրդավարությունն ավելի ամուր պաշտպանելու համար։ Այս ամենի համար միայն քաղաքական կամք է պետք։ Ես վստահ եմ, որ այսօր մենք կտեսնենք այն», - եզրափակել է Եվրախորհրդարանի նախագահը։

Հիշեցնենք, որ Ռոբերտա Մեցոլան եվրոպական մյուս առաջնորդների հետ ժամանել է Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար։