Ուզբեկստանի Սամարկանդ քաղաքում այսօր` մայիսի 4-ին տեղի ունեցավ Ասիական զարգացման բանկի 59-րդ տարեկան համաժողովի բացման պաշտոնական արարողությունը։ NEWS.am–ի թղթակցի փոխանցմամբ, ելույթով հանդես եկան Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը և Ասիական զարգացման բանկի նախագահ Մասատո Կանդան:

«Այսօրվա համաժողովին մասնակցում են ավելի քան 4000 հեղինակավոր փորձագետներ աշխարհի ավելի քան 100 երկրներից, միջազգային ֆինանսական ինստիտուտներից, առաջատար բանկերից և ընկերություններից: Վստահ եմ, որ Սամարկանդի հարթակում առաջ քաշված կարեւոր առաջարկներն ու նախաձեռնություններն ապագայում զգալի գործնական արդյունքների կհանգեցնեն, եւ որ ձեռք բերված յուրաքանչյուր համաձայնություն կվերածվի շոշափելի եւ օգտակար նախագծի»,–բացման խոսքում նշեց Ուզբեկստանի նախագահը:

ԱԶԲ նախագահ Մասատո Կանդան իր ելույթում կոչ արեց Ասիական և Խաղաղօվկիանոսյան երկրներին միասին գործել համատեղ զարգացման համար՝ ամրապնդելով անդրսահմանային կապերը, որոնք նպաստում են կայունությանը և ներառական աճին:

«Այն որոշումները, որոնք մենք կկայացնենք այս նոր խաչմերուկում, ապագա կապահովեն հաջորդ սերնդի համար: Այս բաժանված աշխարհում զարգացման ավանդական և մեկուսացված միջոցները կձախողվեն: Այս նոր դարաշրջանում գոյատևելու և ծաղկելու համար մենք պետք է ստեղծենք խորապես փոխկապակցված և կայուն համակարգ»,-նշեց նա` նիստի բացման պաշտոնական արարողության իր ելույթում:

Համաժողովի բացման պաշտոնական արարողությանը ներկա էին ԱԶԲ-ի անդամ երկրների ֆինանսական ոլորտի ներկայացուցիչներ՝ այդ թվում Հայաստանի Ֆինանսների նախարարության պատվիրակությունը՝ փոխնախարար Էդգար Մկրտչյանի գլխավորությամբ:

Նշենք, որ նախօրեին տեղի ունեցած հանդիպումների ընթացքում Ասիական Զարգացման բանկի նախագահը հայտարարել է, որ ԱԶԲ-ն մինչև 2035 թվականը 70 միլիարդ դոլար կհատկացնի էներգիայի և թվային ենթակառուցվածքների նոր նախաձեռնություններին, որոնք ուղղված են էլեկտրացանցերի միացմանը, միջսահմանային էլեկտրաէներգիայի առևտրի ընդլայնմանը և Ասիա-Խաղաղօվկիանոսյան լայնաշերտ հասանելիության բարելավմանը:

«Էլեկտրական ցանցերը և թվային ցանցերը սահմանների միջով միավորելով ՝ մենք կարող ենք նվազեցնել ծախսերը, հզորացնել և ապահովել հուսալի էլեկտրամատակարարում և թվային հասանելիություն հարյուր միլիոնավոր մարդկանց համար»,-նշել է բանկի նախագահը:

Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդի 59-րդ ամենամյա նիստի խորագիրն է՝ «Աառաջընթացի խաչմերուկներ. տարածաշրջանի փոխկապակցված ապագայի խթանում»։ Համաժողովը կշարունակվի մինչև մայիսի 6-ը։