Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ հանդես է եկել ելույթով։ Այն իր բովանդակությամբ վիրավորական է եղել հայերի համար, սակայն ունեցել է պատշաճ ձևակերպում։

Նախ, Ալիևը շնորհակալություն է հայտնել Կոշտային (Եվրոպական խորհրդի նախագահ) գագաթնաժողովին ելույթ ունենալու հրավերի համար։ Նրա խոսքով՝ գագաթնաժողովին մասնակցության մանրամասները քննարկվել են վերջինիս՝ Բաքու կատարած այցի ընթացքում։ Նա նաև տեղեկացրել է 2028 թվականի մայիսին ԵՔՀ գագաթնաժողովը Բաքվում անցկացնելու հրավերի մասին։ «Հայաստանը համաձայնել է»,— մանրամասնել է Ալիևը։

Այնուհետև նա հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն ավելի քան 9 ամիս է ապրում են խաղաղ պայմաններում և սովորում են ապրել խաղաղության մեջ։ Նա հիշեցրել է, որ անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում ստորագրվել է հռչակագիր, որի ժամանակ որպես վկա հանդես է եկել Դոնալդ Թրամփը։

«Այնուհետև Ադրբեջանը միակողմանիորեն հանել է բոլոր սահմանափակումները, և այդ ժամանակից ի վեր մի քանի հազար տոննա բեռ է տեղափոխվել Ադրբեջանի տարածքով։ Ադրբեջանը սկսել է Հայաստանին մատակարարել բենզին և դիզելային վառելիք՝ հիմք ստեղծելով առևտրային հարաբերությունների համար։ Արդեն մի քանի հազար տոննա վառելիք է արտահանվել»,- հայտարարել է Ալիևը։ Այնուհետև նա նշել է, որ «Թրամփի ուղին» Հայաստանի տարածքով կանցնի դեպի Նախիջևան և կդառնա Միջին միջանցքի մասը։ Հայաստանն ու Ադրբեջանը տեսնում են խաղաղության գործնական պտուղները, հայտարարել է Ալիևը՝ շնորհակալություն հայտնելով Եվրահանձնաժողովին խաղաղության գործընթացում ունեցած դիրքորոշման համար։

Ցավոք, շարունակել է Ալիևը, ոչ բոլոր եվրոպական կառույցներն են կիսում այդ դիրքորոշումը։ Ալիևի մեղադրանքներն ուղղված էին ԵԽԽՎ-ին և Եվրախորհրդարանին։ «2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը վերջ դրեց Լեռնային Ղարաբաղում անջատողականությանը և իրականացրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը»,- հայտարարել է Ալիևը՝ նկատի ունենալով Ադրբեջանի ցեղասպան գործողությունները և Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչության էթնիկ զտումները։ ԵԽԽՎ-ն պատասխանել է Ադրբեջանի պատվիրակության նկատմամբ պատժամիջոցներով։ «Սա երկակի ստանդարտներ են։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ունի նույն արժեքը, ինչ ցանկացած այլ երկրի տարածքային ամբողջականությունը։ Երկակի ստանդարտներն անընդունելի են»,- հայտարարել է Ալիևը։ Անդրադառնալով Եվրախորհրդարանի գործունեությանը՝ Ադրբեջանի նախագահը նշել է, որ 2021 թվականի մայիսից մինչև 2026 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում այդ կառույցն ընդունել է Ադրբեջանի դեմ ուղղված 14 բանաձև, որոնք նա որակել է որպես «խորապես վիրավորական»։ Ալիևը դժգոհել է, որ վերջին բանաձևն ընդունվել է հենց այս գագաթնաժողովից ընդամենը չորս օր առաջ։ Ըստ նրա՝ կարևոր խնդիրներին (օրինակ՝ հակասեմականությանը կամ օտարատյացությանը) անդրադառնալու փոխարեն, Եվրախորհրդարանը «զրպարտում և ստեր է տարածում Ադրբեջանի հասցեին»։ Նա դա բացատրել է նրանով, որ իր երկիրը «պաշտպանում է սեփական տարածքային ամբողջականությունը, վերջ է տվել անջատողականությանը և պատասխանատվության է ենթարկել ռազմական հանցագործներին»։

Ի պատասխան դրան՝ մայիսի 1-ին Ադրբեջանի Միլլի մեջլիսը որոշում է կայացրել խզել Եվրախորհրդարանի հետ ունեցած բոլոր կապերը, դադարեցնել խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներում իր մասնակցությունը և սկսել «Եվրանեսթից» դուրս գալու գործընթացը։

Ելույթի վերջում Ալիևը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին՝ Երևանում գագաթնաժողովը հաջողությամբ անցկացնելու առթիվ և նշել, որ, չնայած խանգարելու բոլոր փորձերին, Ադրբեջանը «հավատարիմ է մնում խաղաղության օրակարգին»։