«Ժառանգության» միասնական ցուցակի թեկնածուներն ապրիլի 27-ին հանդիպումներ են ունեցել Լոռիի մարզի մի շարք բնակավայրերում՝ Ալավերդիում, Աքորիում, Օձունում, Վանաձորում, Ստեփանավանում Տաշիրում եւ Սպիտակում: Ընտրողներին «Ժառանգության» ծրագիրն ու նպատակները ներկայացրել են այդ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, տնտեսագետ Արտակ Ղազարյանը, քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը, նախկին քաղբանտարկյալ Մասիս Այվազյանը եւ դեղագետ, Վանաձորում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Գառնիկ Սահակյանը:

Դիմելով վանաձորցիներին՝ «Ժառանգության» առաջնորդը հայտարարել է, որ ժամանակն է «դուրս գալ ողորմության շրջանակից» եւ թույլ չտալ, որ որեւէ մեկը ողորմություն առաջարկի: «Սա մեր երկիրն է, եւ մենք ասում ենք` բյուջեն կլցնենք հարկերով, հալալ մուտքերով, եւ այդ ողորմությունը կվերածվի ձեր իրավունքի, ձեր աշխատավարձի, կենսաթոշակի ու նպաստի: Եվ ոչ մեկը չի գալու ձեր երեխաների եւ թոռների ապագան մի քանի հազար դրամով կամ մուրաբաներով փոխարինելու»,- ընդգծել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նշել է նաեւ, որ հայ մարդու, Հայաստանի ապագան որոշվելու է մայիսի 6-ին: «Մայիսի 6-ին` առանց որեւէ այլեւայլության, անաղմուկ, մենք որոշելու ենք այդ ապագան Աստծո հայացքի տակ, սահմանադրական պահանջով, որոշելու ենք, թե ինչպիսին պետք է լինի վաղվա Վանաձորը: Ուրեմն մայիսի 6-ին եկեք միասին որոշենք»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Վանաձորցիներին իր խոսքն է ուղղել նաեւ համամասնական ցուցակի անդամ Գառնիկ Սահակյանը, ով մասնավորապես անդրադարձել է պետական բյուջեի անարդյունավետ օգտագործմանը: «Պետական գնումների գործընթացը պետք է զերծ պահել կոռուպցիայից»,- ասել է Սահակյանը:

ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն Ալավերդիում հանդես է եկել առաջարկությամբ` համեմատել այս 5 տարիների ընթացքում «Ժառանգության» կատարած աշխատանքները եւ մյուս կուսակցությունների գործելաոճը ընտրարշավից առաջ. «2007-ին մենք ասացինք՝ տեր ենք եւ անցած 5 տարում ապացուցեցինք մեր քաղաքացիներին, որ չենք նահանջել մեր խոսքից, միշտ կանգնած ենք եղել ժողովրդի կողքին` պաշտպանելով շարքային քաղաքացու շահերը»,- նշել է Մարտիրոսյանը:

Նշենք, որ այսօր` ապրիլի 28-ին, «Ժառանգության» նախընտրական թիմը հանդիպումներ կունենա Երեւանում. Նոր Նորքի Գայի արձանին հարող տարածքում, Ավան-Առինջ թաղամասի Ընտանիքի այգում՝ ժամը 15-ին, եւ Շենգավիթի Գ. Նժդեհի հրապարակում՝ ժամը 17-ին: