Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, թե «8 տարի առաջ ոչ ոք չէր գա Հայաստան», երեսպաշտության թարմ եւ տիպիկ օրինակ է։  Այս մասին Facebook–ի իր էջում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Մակրոնը գիտի, որ սուտ է ասում, նույն իր երկրի օրինակով, ում բոլոր վերջին նախագահները մշտապես եղել են Հայաստանում՝ թե Ժակ Շիրակը, թե Նիկոլա Սարկոզին, թե Ֆրանսուա Օլանդը։

Բայց նա պատրաստ է Նիկոլի խաթր մոլորեցնել բոլորին ամբողջ աշխարհի առաջ։

Բարեկամ Ֆրանսիան եւ նրա բարեկամ ժողովուրդը հաստատ նման բանի արժանի չեն»,-գրել է նա:

Նշենք, որ այսօր՝ մայիսի 4–ին, Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է. «Եկեք անկեղծ լինենք. ութ տարի առաջ այստեղ ոչ ոք չէր գա։ Ութ տարի առաջ այս երկիրը բանակցությունների սեղանի շուրջ դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ։ Այն փաստը, որ այսօր մենք տեսնում ենք ձեր երկիր այսքան շատ առաջին այցեր, շատ խոսուն է»։

Նա նաև ընդգծել է, որ նախկինում Հայաստանը շատերի կողմից ընկալվում էր որպես Ռուսաստանի փաստացի դաշնակից, սակայն «թավշյա հեղափոխությունից» հետո երկրի ուղեգիծը փոխվել է։ Մակրոնը շեշտել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դերը, ով, նրա խոսքով, վերաուղղորդել է երկիրը՝ խաղաղությունն ու եվրոպական ինտեգրումը դարձնելով առաջնահերթություններ։