Այսօր մենք չենք առերեսվում պարզապես առանձին ճգնաժամերի հետ. խնդիրն այն է, որ այս բոլոր ճգնաժամերը փոխկապակցված են, միահյուսված և սնում են միմյանց: Մենք խոսում ենք բազմաշերտ ճգնաժամերի մասին, և չափազանց կարևոր է դա հասկանալը։ Այս մասին մայիսի 4-ին Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին:

«Այսինքն՝ լուծելով այս ճգնաժամի մեկ կամ երկու տարր, մենք չենք կարողանա կարգավորել այն ամբողջությամբ: Անվերահսկելի միգրացիոն հոսքերը ճնշման տակ են դնում քաղաքացիների անվտանգությունը, իսկ երբ դրանք դիտարկվում են որպես հիբրիդային սպառնալիքներ, վտանգի տակ են հայտնվում նաև պետությունների անվտանգությունն ու կայունությունը:

Սա ազդում է նաև տնտեսության վրա. սահմանափակվում են պետական ռեսուրսները, նեղանում է աշխատաշուկան, նվազում է մրցունակությունը: Աճում են անորոշությունն ու սոցիալական լարվածությունը: Բացի այդ, այստեղ կապ կա էներգետիկայի հետ: Շատ հոսքեր գալիս են անկայուն տարածաշրջաններից և առանցքային դեր են խաղում էներգամատակարարման տեսանկյունից։

Ի վերջո, սա ազդում է մեր ժողովրդավարությունների որակի վրա։ Երբ քաղաքացիները տեսնում են, որ առանցքային մարտահրավերները լուծում չեն ստանում, նվազում է ինստիտուտների նկատմամբ վստահությունը, և մարդիկ ավելի խոցելի են դառնում մանիպուլյացիաների, այդ թվում՝ նոր տեխնոլոգիաների չարամիտ օգտագործման նկատմամբ։ Հետևաբար, խոսքը միայն միգրացիայի մասին չէ. դա նաև տնտեսություն է, ժողովրդավարություն, մրցունակություն, էներգետիկա և անվտանգություն։ Եվ եթե դիտարկենք այս գործոններից որևէ մեկն առանձին, ակնհայտ է դառնում, որ դրանք սերտորեն կապված են միմյանց հետ»,- ասել է նա։

Խոսելով այն մասին, թե ինչպես դիմակայել այս բազմաճգնաժամային իրավիճակին՝ Մելոնին նշել է, որ, իր կարծիքով, Եվրամիությունը վերջին տարիներին ցույց է տվել ճգնաժամերին արձագանքելու կարողություն՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակն ու Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Սակայն, նրա խոսքով, այդ կարողությունը պետք է կրկնապատկել՝ ստեղծելով լրացուցիչ հնարավորություններ, որոնք կլինեն ոչ միայն արձագանքող, այլև կանխարգելիչ ու նախաձեռնողական։ Եվ այս երկարաժամկետ ռազմավարությունը պետք է շեշտադրում կատարի ոչ միայն այն երկրների ներգրավման վրա, որոնք դեռևս թերագնահատում են այս մարտահրավերները, այլև աշխարհագրական հարևանների ավելի ակտիվ ներգրավման վրա։ Նա ողջունել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի ներկայությունը գագաթնաժողովին, սակայն ընդգծել է, որ Իտալիայի տեսանկյունից անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել միջերկրածովյան հարևանությանը։

«Այնպիսի հարթակները, ինչպիսին Եվրոպական քաղաքական համայնքն է, մեզ համար հիմնարար նշանակություն ունեն։ Մենք պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք ընդարձակ Միջերկրածովյան տարածաշրջանի երկրներին։ Մենք արդեն քննարկել ենք սա Ուրսուլայի (Ֆոն դեր Լայեն) հետ և փորձեր ենք ձեռնարկել՝ միգրացիոն հոսքերը հաղթահարելու համար։ Մենք ավելի մեծ ուշադրություն ենք դարձրել Միջերկրական ծովի հարավային երկրներին

Այժմ, ըստ ամենայնի, անհրաժեշտ է ընդլայնել այս մոտեցումը՝ միավորելով անվտանգությունը, էներգետիկան և զարգացումը հարևան երկրների հետ համագործակցության շրջանակներում: Սա, իմ կարծիքով, ներկա իրավիճակին արձագանքելու լավագույն միջոցն է՝ ոչ թե մեկ ճգնաժամի, այլ միաժամանակ տեղի ունեցող բազմաթիվ ճգնաժամերի պարագայում, որոնք, ցավոք, հաճախ ունեն ընդհանուր ակունքներ: Այդ բոլորի դեմ անհրաժեշտ է պայքարել»,- ասել է Ջորջա Մելոնին: