Մայիսի 4-ի առավոտյան ռուս զինվորականները հրթիռային հարված են հասցրել Ուկրաինայի Խարկովի մարզի Մերեֆա քաղաքին։ «Այս գնդակոծության հետևանքով զոհվել է հինգ մարդ՝ 50 և 63 տարեկան տղամարդիկ և 74, 41 ու 52 տարեկան կանայք», — հայտնել է տարածաշրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Նրա խոսքով՝ ևս 18 բնակիչ տուժել է․ նրանցից չորսը գտնվում են ծանր վիճակում, 12-ը ստացել են միջին ծանրության պայթյունային վնասվածքներ, իսկ մնացածների մոտ արձանագրվել է սուր սթրեսային ռեակցիա։ Միևնույն ժամանակ մարդիկ շարունակում են դիմել հիվանդանոցներ, հավելել է Սինեգուբովը։
Խարկովի մարզային դատախազության տվյալներով՝ ռուս զինվորականները Մերեֆային հարվածել են մոտ 09:35-ին «Իսկանդեր» բալիստիկ հրթիռով։ Այս տեղեկությունը հաստատել են նաև z-բլոգերները։ Սինեգուբովի խոսքով՝ դրա հետևանքով վնասվել են 10 բնակելի տուն-տնտեսություններ, սրճարան, չորս խանութ, վարչական շենք, ավտոսերվիս և երկու ավտոմեքենա։ Մարդկանց մահվան հանգեցրած ռազմական հանցագործության կատարման փաստով սկսվել է մինչդատական քննություն (Ուկրաինայի քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 2-րդ մաս)։ Մերեֆան գտնվում է Խարկովից 25 կմ հեռավորության վրա։





























