Ավստրիան երեք ռուս դիվանագետի հայտարարել է persona non grata՝ դիվանագիտական ներկայացուցչության շենքերի տանիքներին գտնվող «անտենաների անտառի» պատճառով, որոնք կարող էին օգտագործվել տեղեկատվություն հավաքելու և տվյալներ որսալու համար, հայտարարել է երկրի արտգործնախարար Բեատե Մայնլ-Ռայզինգերը։ «Անթույլատրելի է դիվանագիտական անձեռնմխելիությունն օգտագործել լրտեսություն իրականացնելու համար», — ընդգծել է Ավստրիայի ԱԳՆ ղեկավարը։ Նա հավելել է, որ ռուսական կողմի բոլոր երեք ներկայացուցիչներն արդեն լքել են Վիեննան։ Ավելի վաղ, Die Presse-ի տվյալներով, Ավստրիան Մոսկվայից պահանջել էր հանել դեսպանատան երեք աշխատակցի դիվանագիտական անձեռնմխելիությունը, սակայն Ռուսաստանը անտեսել էր այդ դիմումը։

Դիվանագետների արտաքսումից հետո Վիեննայում ՌԴ դեսպանատունը հայտարարել է, որ ռուսական կողմն ի գիտություն է ընդունել Ավստրիայի «անմտածված» որոշումը և դրան կտա «կոշտ պատասխան»։ «Առանց այդ էլ ժամանակակից պատմության մեջ ամենացածր մակարդակում գտնվող երկկողմ հարաբերությունների հետագա վատթարացման ամբողջ պատասխանատվությունը լիովին ընկնում է Վիեննայի վրա», — ընդգծել են դիվանագիտական ներկայացուցչությունում։ Այնտեղ նաև նշել են, որ ավստրիական իշխանությունները չեն ներկայացրել «դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի իբր տեղի ունեցած խախտումների» որևէ ապացույց։

Ինչպես ավելի վաղ գրել էր Financial Times-ը (FT), բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունները կապի համար իրենց մայրաքաղաքների հետ ունեն արբանյակային ալեհավաքներ, սակայն ռուսական անտենաներն ակտիվորեն օգտագործվում են տարբեր արբանյակների վրա ուղղորդվելու համար՝ ազդանշաններ որսալու նպատակով։ Այսպես, փետրվարին Մյունխենի անվտանգության համաժողովից առաջ նման ամենամեծ անտենաներից մեկը վերաուղղորդվել էր, իսկ համաժողովի ավարտից հաջորդ օրը վերադարձել էր իր նախկին դիրքին։ Պարբերականի աղբյուրները նաև ասել են, որ վերջին երկու տարիներին արևմտյան հատուկ ծառայությունները հետևել են ռուսական շենքերի տանիքներին նոր անտենաների և այլ անսովոր սարքերի տեղադրմանը։

Ավստրիան չի հետապնդում այլ երկրների դեմ ուղղված լրտեսական գործունեությունը։ Սակայն, Falter ամսագրի տվյալներով, Վիեննան ծրագրում է խստացնել օրենսդրությունը և պատասխանատվություն սահմանել ԵՄ-ի և քաղաքում տեղակայված միջազգային կազմակերպությունների դեմ լրտեսության համար։ Համապատասխան օրինագիծն ուղղված է այն բացը վերացնելուն, որը Վիեննան դարձրել է «Եվրոպայի լրտեսության կենտրոն»։ Մասնավորապես, ինչպես գրել էր FT-ն, երկրում գտնվող 500 ռուս դիվանագետներից մոտ մեկ երրորդը զբաղվում է հետախուզությամբ։

Վերջին անգամ Վիեննան ռուս դիվանագետի persona non grata էր հայտարարել 2025 թվականի սեպտեմբերին։ Նրա հետ հանդիպել էր ավստրիական OMV նավթագազային ընկերության աշխատանքից ազատված թոփ-մենեջերը, որը կասկածվում էր լրտեսության մեջ։ Ռուս դիվանագետին հատուկ ծառայությունները համարել էին ԱԴԾ-ի գործակալ։ 2024 թվականի մարտին Ավստրիան հայտարարել էր ռուսական դիվանագիտական գերատեսչության երկու աշխատակցի արտաքսման մասին, որոնց կասկածել էին «իրենց դիվանագիտական կարգավիճակի հետ անհամատեղելի գործողություններ» կատարելու մեջ։ Վերջին երեքի հաշվառմամբ՝ 2020 թվականից ի վեր Վիեննան արտաքսել է ընդհանուր առմամբ 14 ռուս դիվանագետ, հաշվարկել է Reuters-ը։