Մոլդովայում Հայ առաքելական եկեղեցին ցանկանում է վերադարձնել եկեղեցապատկան կառույցները, որոնք տարիներ առաջ վաճառվել, ապա վերավաճառվել են:
Այս առնչությամբ, NEWS.am-ը պարզաբանում է խնդրել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանից, ով հաստատել է, որ իսկապես, Մոլդովայում, Քիշնեւում անցանկալի իրավիճակ է ստեղծվել:
«Երկրի անկախացմանը հետեւած խառնակ ժամանակներում հայ համայնքի նախագահն անօրինական գործարքով ու խաբեությամբ վաճառել է եկեղեցապատկան կառույցները, որոնք հետագայում եւս վերավաճառվել են: Խոսքը կրթական կառույցներ` ներառյալ հայկական ուսումնարանի պատմական շենքերի մասին է, որոնք այդ երկրում մեր ժողովրդի պատմական ներկայության կարեւոր վկայություններից են: Այսօր այդ շենքերը վտանգված են, քանի որ ծրագրվում է դրանց տեղում բարձրահարկ շինություն կառուցել»,-ասել է նա:
Վ. Քահան Մելիքյանի խոսքով, այս առնչությամբ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը բողոքի ձայն է բարձրացրել` փրկելու այդ կառույցները կործանումից: «Հայ համայնքի ընդվզումին են միացել նաեւ տեղի կրոնական կազմակերպություննները. խնդիրը ներկայացված է երկրի վարչապետի ուշադրությանը: Կարեւոր է հաստատել, որ խնդրի լուծման համար անհրաժեշտն է ձեռնարկում նաեւ Հայաստանի ԱԳՆ-ն:
Մոլդովայի հայ համայնքը, Մայր Աթոռ Ս. Էջմիածինը եւ ՀՀ իշխանությունները պետք է համատեղեն իրենց ուժերը` կասեցնելու պատմական մեր ժառանգության ոչնչացումը Քիշնեւում»,-ասել է նա:




























