Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը չի բացառում, որ Դնեպրոպետրովսկի պայթյունները երկրում իրավիճակն ապակայունացնելու փորձեր էին: Այդ մասին նա հայտարարել է Դնեպրոպետրովսկում տուժած երեխաներին հիվանդանոցում այցելելու ժամանակ:
Նա երեխաներին խոստացել է, որ համապատասխան մարմինները բոլոր ջանքերը կգործադրեն իրադրությունը պարզելու եւ մեղավորներին գտնելու համար: Նախագահը երեխաներին շուտափույթ ապաքինում է ցանկացել եւ նրանց մրգեր ու քաղցրավենիք նվիրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Դնեպրոպետրովսկի տարբեր վայրերում պայթյունների շարք էր տեղի ունեցել: Շրջանային դատախազությունը քրեական գործ էր հարուցել «ահաբեկչություն» հոդվածով: Մինչեւ այժմ պայթյունների պատասխանատվությունն իր վրա ոչ ոք չի վերցրել: Դատախազությունը հայտնել էր 29 տուժածների մասին, սակայն շաբաթ օրը ԱԻՆ-ը ճշտում է, որ 26-ն են տուժել, հիվանդանոցներում 22 վիրավոր կա, նրանցից 3-ը ծանր վիճակում են: Ըստ Ուկրաինայի առողջապահության նախարարության տվյալների` պայթյունների արդյունքում տուժել է 30 մարդ, որոնցից 10-ը երեխաներ են:
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈՒԱԾ) Դնեպրոպետրովսկում ահաբեկչության միանգամից 6 վարկած է դիտարկում: Այդ մասին պատմել է գերատեսչության ղեկավար Իգոր Կալինինը: Սակայն միայն մեկ վարկածն է հնչեցրել. Նա այս պայթյունները կապում է անցյալ տարվա նոյեմբերի կեսերին տեղի ունեցած դեպքի հետ, երբ պայթուցիկ նյութը տեղակայված է եղել աղբարկղում: Հանցագործության մեղավորին այդպես էլ չէին գտել:
Մինչդեռ, ինչպես գրում է «ՄԿ»-ը, ուկրաինական լրատվամիջոցներն այլ կերպ են կարծում: Ըստ նրանց` ահաբեկչության ամենից հավանական վարկածներից է Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը խափանելու փորձն է: Այդ մասին հայտարարել է հայտնի քաղաքական գործիչ, Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գրիգորի Սուրկիսը: Նա վստահ է, որ խոսքը «ՈՒԵՖԱ-ին ստոր ձեւով շանտաժ անելու փորձի մասին է, որպեսզի նրան ստիպեն քաղաքական զիջումներ ընդունել»:




























