Հայաստանի ազգային մրցունակությունը կարեւորագույն մարտահրավեր է եւ մենք պետք է գտնենք մեր երկրի հարաբերական առավելությունները՝ Հայաստանը համաշխարհային քարտեզի վրա որպես մրցունակ երկիր ներկայացնելու համար: Այս մասին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է «Նորարություն, մրցունակություն եւ տնտեսական աճ» թեմայով համաժողովի ընթացքում:

«Մենք պարտավոր ենք այսօր մրցակցության դաշտում ներդնել ամուր հիմքեր՝  դիմակայելու եւ հարաբերական առավելություն ունենալու համար: Դա նշանակում է, որ մենք պետք է մտածենք գլոբալ կերպով, հասկանանք, թե որն է ժամանակակից աշխարհի զարգացման հիմնական շարժիչը, ինչ տրամաբանությամբ է զարգանալու աշխարհը եւ այդ կանխատեսումների ներքո էլ նկարագրենք Հայաստանի այսօրվա տեղը եւ դերը: Այդ առումով, համաշխարհային ֆինանստնտեսական ճգնաժամը բացահայտում է առկա խնդիրները, ցույց է տալիս մեր պետության, տնտեսության, հասարակական եւ քաղաքական համակարգերի ուժեղ եւ թույլ կողմերը, եւ ստիպում է մեզ նոր ուղղություններ որոնելիս  դասեր քաղել ճգնաժամից»,- ասել է վարչապետը: 

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ 21-րդ դարը մրցակցություն է ինտելեկտուալ եւ նոր գիտելիքի ստեղծման բնագավառներում, իսկ այդ մրցակցության մեջ հաղթում են այն երկրները, որոնք մեծ ուշադրություն են դարձրել գիտելիքին, ստեղծել են գիտական ուսումնասիրությունների համար անհրաժշետ ենթակառուցվածքներ: «Այս տարիների ընթացքում անցնելով բազմաթիվ փորձությունների միջով՝ մենք պետք է եւ կարող ենք գտնել այն ոլորտները, որտեղ կարող ենք մասնագիտանալ եւ լինել լավագույնը աշխարհում».- նշել է վարչապետը:

Անդրադառնալով պետություն մասնավոր համագործակցությանը՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀ Ազգային մրցունակության խորհուրդը հենց այդ մեթոդաբանության կիրառման առարկան է: Ստեղծվել է մի կառույց, որը պետք է միավորի պետության եւ մասնավորի կարողությունները՝ ազգային մրցունակության խնդիրները լուծելու ժամանակ: Կառավարության ղեկավարն ասել է, որ խորհուրդն առաջարկում է օգտագործել պետական միջոցները՝ տարբեր ծրագրերը մասնավոր հատվածի համաֆինասավորմամբ եւ կարողությունների օգտագործմամբ իրականացնելու համար: «Այս կառույցի նպատակն է երկրի մրցունակության բարձրացման համար օգտագործել ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ  աշխարհում սփռված հայկական ներուժը: Դրա համար Ազգային մրցունակության խորհրդի կազմում ընդգրկվել են այնպիսի մարդիկ, որոնք տարբեր երկրներում իրենց ոլորտներում հասել են հաջողության»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքով՝ պետություն-մասնավոր համագործակցության մոտեցումը տարբեր երկրներում բերել է հաջողություններ: Այդ առումով, պետությունը մասնավորի հետ ստեղծել է համագործակցության նոր հարթակ, որտեղ հաշվի առնելով հարաբերական առավելությունները՝  արտահանման ներուժ ունեցող 11 ուղղություններով կանխորոշվում են երկրի ճյուղային զարգացման հեռանկարները եւ կայացվում կարեւորագույն որոշումներ: «Այստեղ պետությունը որոշումներ կայացնելիս չի գերիշխում, հակառակը՝ օժանդակում է, որպեսզի այդ որոշումները կայացնեն մասնավոր հատվածի ներկայացուցիչները: Պետությունն ընդամենը պարտավորություն է ստանձնում՝ օժանդակել ծրագրերին: Այդ առումով, մրցակցային պայմանները բոլոր ճյուղերի համար մնում են հավասար»,- ասել է կառավարության ղեկավարը: