Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցներն օրերս մաքսանենգության փորձն են կանխել «Զվարթնոց» օդանավակայանում: Հայաստանի ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի բաժնից NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւան-Մոսկվա չվերթի մաքսային հսկողություն իրականացնելիս` Ուզբեկստանի քաղաքացի Դերենիկ Ասատրյանի ուղեբեռում պատրաստված հատուկ թաքստոցում հայտնաբերել են 156.6 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր: Հնարամիտ ուղեւորը »թանկարժեք բեռը» թաքցրել էր ճամպրուկի բռնակում եւ ուղեբեռում գտնվող շշի մետաղյա հատուկ խցանի մեջ:

Նշենք, որ թանկարժեք մետաղների անօրինական գործունության մի շարք դեպքեր օրերս բացահայտել են նաեւ օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցները: Պարզվել է, որ Վանցյան փողոցում գործող ոսկու շուկայում  քաղաքացի Է. Ադամյանը, չունենալով  համապատասխան պետական գրանցում եւ որակավորման վկայական, իրականացրել է թանկարժեք մետաղների հարգորոշում: Ձեռնարկատիրական  գործունեության օրինականության հանգամանքները պարզաբանելու նպատակով հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցներն Երեւանի ոսկերչական գործարանի տարածքում հայտնաբերել են ստվերում գործող  եւս մեկ արտադրություն. պարզվել է, որ այստեղ  2010-ից  օբսիդիան տեսակի քարերի մշակմամբ եւ հուշանվերների պատրաստմամբ է զբաղվել Հրանտ Այվազյանը:

Միաժամանակ ակտիվացել են ապօրինի ատամնաբուժարանների նոր դեպքերի բացահայտումները:  Պարզվել է, որ Երեւանի բնակիչ Հովհաննես Սարգսյանը Կորյունի փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում առանց պետական գրանցման եւ համապատասխան լիցենզիայի զբաղվում էր ատամնատեխնիկի գործունեությամբ:

Օպերատիվ հետախուզության վարչության 20-րդ բաժնի աշխատակիցներն Արարատի մարզի Եղեգնավան գյուղում հայտնաբերել են շուրջ 2 ամիս հարկային դաշտից դուրս գործող` Մանվել Մարտիրոսյանին պատկանող ատամնաբուժարան: Իսկ նույն մարզի Բանավանում անհատ ձեռնարկատեր Գագիկ Թորոսյանին պատկանող խանութում հայտնաբերել են դրոշմավորման ենթակա չդրոշմավորված 13 լիտր ցորենի սպիրտ:  Հայտնաբերված բոլոր դեպքերով  պետությանը հասցված վնասի չափը ճշտվում է: