Քաղաքակիրթ ընտրությունների անցկացման կաննոներն իրավական նորմեր չեն պարունակում, չեն ենթադրում իրավական, այլ քաղաքական պատասխանատվություն: Այս մասին այսօր` ապրիլի 28-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը, ով այդ կանոնների հեղինակն է:

Նրա խոսքով, այս պահին կանոնները հաստատել են երեք ուժեր, բայց այդ թիվն աճելու միտում ունի:

«Մենք ունեցել ենք 9 հանդիպում: Բազմիցս հնչել են հարցադրումներ, թե ընտրացուցակները աճել են, եւ դա կասկած է հարուցել»,-ասել է Դ. Հարությունյանն ու հավելել, որ ՀՀԿ-ն ընտրանքային ստուգել է ընտրացուցակները եւ պարզել, որ այդ ցուցակներից 68 հազար մարդու անուն հանվել է տարբեր պատճառներով: «Այդ 68 հազարի մեջ կան զգալի անձինք, որոնք ամուսնացել եւ փոխել են ազգանունը: Շատ էին վրիպակներով գրանցվածները: Մոտ հինգերորդ մասը մտցված է եղել անվանափոխության պատճառով: Մի հատվածը ՀՀ քաղաքացիներ են, որ նախկինում չեն բնակվել, հիմա եկել, տուն են գնել, հաշվառվել: Շատ են եղել, որոնք հին անձնագիր են ունեցել, իսկ հիմա ստացել եւ հաշվառվել են»,-ասել է նա, հավելելով. «Առ այս պահը որեւէ մեկը չի ներկայացրել խախտում, որ նույն անձը երկու եւ ավելի տեղ է գրանցված, կամ էլ նման մարդ չկա: Այս կամ այն հասցեում 10, 20, 25 անձի գրանցված լինելը չի նշանակում, որ ցուցակները վատն են»:

ՀՀԿ-ական գործիչը նշել է նաեւ, որ շատ են նրանք, ում անուն-ազգանուն-հայրանունը համընկնում են:

«222 մարդ ունեն լրիվ նույն տվյալները՝ անուն, ծննդյան թիվ, օր: Մի դեպքում էլ երկվորյակներ են եղել, որոնց ծնողները նույն անունն էին տվել»,- ընդգծեց Դ. Հարությունյանը եւ համոզմունք հայտնեց, որ «բավական է՝ խորհրդարանական ընդդիմության վստահված անձը ճիշտ կատարի իր գործը, եւ խախտումները բացառում են»: