Հունան նահանգում հրավառության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվն հասել է 21–ի, ևս 61 մարդ տուժել է։ Այդ մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Նրա տվյալներով՝ Լյույան քաղաքում արտակարգ պատահարի վայրում աշխատում են հինգ փրկարարական ջոկատներ, ընդհանուր առմամբ մոբիլիզացվել է 482 մարդ։
Ավելի վաղ Xinhua գործակալությունը տեղեկացրել էր 3 զոհվածի և 25 տուժածի մասին։ Պայթյունը տեղի է ունեցել մայիսի 4-ին՝ Պեկինի ժամանակով 16:43-ին։ Դրա կապակցությամբ ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցառումները արտադրական օբյեկտներում ամբողջ երկրով, իրականացնել Լյույանում արտակարգ պատահարի հետևանքների վերացման աշխատանքներ, հնարավոր ամբողջ օգնությունը ցուցաբերել տուժածներին, հնարավորինս շուտ պարզել տեղի ունեցածի պատճառները և մեղավորներին ենթարկել խիստ պատասխանատվության։
Ինչպես նշվում է, գործարանի տարածքում գտնվող վառոդի երկու պահեստները դեռևս բարձր վտանգ են ներկայացնում։ Փրկարարական աշխատանքների շտաբը սահմանել է հիմնական գործողության մեկ կիլոմետրանոց գոտի և վերահսկողության երեք կիլոմետրանոց գոտի։ Բնակչությունը ժամանակին տարհանվել է անվտանգ շրջաններ։
Բացի այդ, դեպքի վայրում տեղակայվել է 20 փրկարարական կետ։ Փրկարարներն օգտագործում են ռոբոտներ և հատուկ տեխնիկա։
Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Հասարակական անվտանգության մարմինները միջոցներ են ձեռնարկել գործարանի սեփականատեր ձեռնարկության ղեկավարներին ձերբակալելու ուղղությամբ։ Ընթանում է քննություն։





























