95-ամյա լեգենդար ներդրող Ուորեն Բաֆեթը հիասթափված է շուկաներից և անհանգստացնող հայտարարություն է արել ԱՄՆ դոլարի մասին։

Նա պահում է 380 միլիարդ դոլար կանխիկ միջոցներ և շուկաներին հետևում է կողքից։ Berkshire-ի բաժնետերերի ժողովում Բաֆեթը չզսպեց իր գնահատականները․ նա ֆոնդային շուկան համեմատեց «կազինոյով համալրված եկեղեցու» հետ։ Նա հավելեց, որ «կազինոն երբեք այսքան մարդաշատ չի եղել»։

Երբ ներդրողին հարցրել են, թե ինչու է նա 380 միլիարդ դոլար պահում կանխիկ, ոչ թե ներդնում, Բաֆեթը անկեղծորեն պատասխանել է․ «Ես ներկայիս ընկերությունների գործունեությունը ավելի քիչ եմ հասկանում, քան նախկինում։ Արդեն մի քանի տարի է՝ չեմ ուսումնասիրում նոր ոլորտներ։ Այս ոլորտներում ես առավելություն չունեմ երիտասարդ մասնագետների նկատմամբ»։

Ինչ վերաբերում է դոլարին, ապա Բաֆեթը նախազգուշացրել է, որ Ամերիկան «ապահովագրված չէ» անվերահսկելի գնաճից։ Հնարավոր փլուզման մասին հարցին նա պատասխանել է, որ իրական ճգնաժամը կարող է վրա հասնել անսպասելիորեն՝ ինչպես 1914 թվականին Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը, որը դարձավ Առաջին համաշխարհային պատերազմի պատճառ։

Նրա խոսքով՝ ֆինանսական շուկաների ներկայիս վիճակը համեմատելի է ազարտային խաղերի հետ, իսկ ներդրողների «խաղային» տրամադրվածությունը անհանգստություն է առաջացնում բազմաթիվ փորձագետների մոտ։ Միլիարդատիրոջ խոսքով՝ մարդիկ երբեք այսքան հակված չեն եղել ազարտի, որքան հիմա, և դա ապակայունացնում է ֆինանսական իրավիճակը։

Մարդիկ կարող են եկեղեցուց գնալ կազինո և հակառակը։ Եվ ես կասեի, որ եկեղեցում մարդիկ դեռ ավելի շատ են, բայց հենց կազինոն է դարձել շատ գրավիչ։ Մենք երբեք չենք տեսել, որ մարդիկ լինեն ավելի ազարտային տրամադրության մեջ, քան հիմա, — ասել է նա։