Եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեին այս կիրակի, ապա հարցմանը մասնակցածների 40.6 տոկոսն, ըստ «Եվրոպացի բարեկամներ» կազմակերպության անցկացված հարցման արդյունքների, իր ձայնը կտար ՀՀԿ-ին, 32.6 տոկոսը՝ ԲՀԿ-ին, 6.5 տոկոստ՝ «Ժառանգությանը», 5.4 տոկոսը՝ ՕԵԿ-ին, 5 տոկոսը՝ ՀՅԴ-ին, 4.3 տոկոսը՝ ՀԱԿ–ին, 3.6 տոկոսը՝ ՀԿԿ-ին, 1.9 տոկոսը` Դեմոկրատական կուսակցությանը եւ 0.1 տոկոսը՝ «Միավորված հայերին»: Այդ մասին այսօր` ապրիլի 28-ին, նշել է Քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի (IPSC) տնօրեն Հովհաննես Գրիգորյանը, ում ղեկավարած կազմակերպությունը հարցումն անցկացրել է «Եվրոպացի բարեկամների» հետ համատեղ:
Հարցմանը մասնակցել է 1600 մարդ ապրիլի 17-22-ին, իսկ սխալի հավանականությունը -/+2.4 տոկոս է:
Հարցման մասնակիցների 62 տոկոսի կարծիքով՝ ամենահամոզիչ քարոզարշավն իրականացնում է ԲՀԿ-ն, 47 տոկոսի կարծիքով` ՀՀԿ-ն, 21 տոկոսի կարծիքով` ՕԵԿ-ը, 18 տոկոսի կարծիքով` «Ժառանգությունը», 15 տոկոսի կարծիքով` ՀՅԴ-ն, 8 տոկոսի կարծիքով` ՀԱԿ-ը, 5 տոկոսի կարծիքով` ՀԿԿ, 2 տոկոսի կարծիքով` ՀԴԿ եւ 1 տոկոսի կարծիքով` «Միավորված հայերը»:
Հարցին, «մասնակցելո՞ւ եք ընտրություններին», հարցվածների 73 տոկոսը պատասխանել է, որ միանշանակ մասնակցելու է։ «Հավանաբար կմասնակցեմ» պատասխանը տվել է 13 տոկոսը, դեռ չեն որոշել հարցվածների 3 տոկոսը, միանշանակ չեն մասնակցի ընտրություններին հարցվածների 8 տոկոսը, իսկ հավանաբար չի մասնակցի 3 տոկոսը:
Հարցման ժամանակ հարցեր են տրվել նաեւ մեծամասնական թեկնածուների վերաբերյալ, եւ արդյունքում կանխատեսում է արվել, որ
մեծամասնական ընտրակարգով խորհրդարանում 20 տեղ կունենա ՀՀԿ-ն, ԲՀԿ–ն՝ 3, ՕԵԿ-ը՝ 2, ՀԱԿ-ը՝ 1, այլ կուսակցություններից 4, իսկ անորոշ է 11 տեղը:




























