Երևանում ընթացող Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները, դուրս գալով Բաղրամյան 26 հասցեում գտնվող նախագահական նստավայրից, որևէ կերպ չեն արձագանքել բողոքի ակցիայի մասնակիցների կոչերին, որոնք պահանջում էին ազատ արձակել Հայաստանի քաղաքական բանտարկյալներին և Բաքվում պահվող հայ գերիներին:
Հիշեցնենք, որ երեկվանից, եվրոպական գագաթնաժողովներին զուգահեռ, Հայաստանում անցկացվում է բողոքի ակցիա։ Ակցիայի մասնակիցները պահանջում են ուշադրություն դարձնել Ադրբեջանում պահվող հայ գերիների և հենց Հայաստանում գտնվող քաղաքական բանտարկյալների ազատ արձակման հարցով:
Բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ այսօր նախագահական նստավայրի շենքի վրա ծածանվում են Հայաստանի և Եվրոպական միության դրոշները, և դա ինքնին գեղեցիկ տեսարան է, սակայն վատն է այն մարդը, ով ներկայացնում է Հայաստանը և մեզ հասցրել է մի վիճակի, երբ և՛ շենքը, և՛ դրոշը, և՛ պետական մյուս խորհրդանիշները կորցրել են իրենց նախկին նշանակությունը՝ պետականության և ինքնիշխանության նշանակությունը։ «Եվ վատ է, որ այս գագաթնաժողովը կազմակերպվել է որպես Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի մաս»,- ասել է նա։
Աշոտյանը նշել է, որ միայն Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան է արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա սպառնալիքներին՝ ուղղված թե՛ Հայաստանին, թե՛ եվրոպացիներին։ «Պարզվեց Մեցոլան ավելի լավ տղա է, քան Նիկոլ Փաշինյանը, ով նստած էր այնտեղ ու անգամ «տու» չհանեց ի պաշտպանություն հայկակակնության և հայություն։ Մեր շահը պաշտպանող չկան», - ասել է ՀՀԿ նախագահը։
Աշոտյանը հավելել է, որ իրենց գործողության նպատակն է ճշմարտությունը հասցնել ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի մասնակիցներին։ Նա հիշեցրել է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ից ի վեր ԵՄ-ն բազմիցս պաշտոնապես հայտարարել է, որ Արցախի կարգավիճակը մնում է չլուծված, ինչը նշանակում է, որ այլ քաղաքականությամբ Հայաստանը կարող էր այս հարցը պահել օրակարգում և կանխել ներկայիս հետևանքները։
«Ընդհանուր առմամբ, տեղի է ունենում այն, ինչի մասին մենք խոսում ենք 2018 թվականից՝ անվտանգության և արտաքին քաղաքականության թուլություն։ Հայաստանը ներքաշվում է աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ, և սա է հիմնական խնդիրը», - ասել է նա։Նախագահական նստավայրի մոտ բողոքի ակցիան ավարտվեց։











