Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը համոզիչ հաղթանակ կտանի Հայաստանի խորհրդարանական ընտրություններում: Լրագրողներին այսօր` ապրիլի 28-ին, մամլո ասուլիսում ասել է Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Նրա խոսքով` խորհրդարանում զգալի տեղ կստանան կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը: «Անցումային գծում են «Օրինաց երկիրը», ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը», -հավելել է նա: Քաղաքական անձնական նախապատվությունների մասին Հայրիկյանը գերադասեց չխոսել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 6-ին:
Օրենսդիր մարմնում կա 131 պատգամավոր: Խորհրդարանը ձեւավորվում է խառը ընտրական համակարգով` 90 մանդատ համամասնական ցուցակով, 41` մեծամասնական: Ներկայիս խորհրդարանական ընտրություններին մասնակցում են քաղաքական 8 կուսակցություններ` Հայաստանի Հանրապետական կուսակցություն, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», «Ժառանգություն», Հայաստանի կոմունիստական կուսակցություն, Հայ հեղափոխական դաշնակցություն, Հայաստանի դեմոկրատական կուսակցություն,«Միավորված հայեր», եւ մեկ բլոկ` Հայ ազգային կոնգրես:




























