Ֆրանսիայում կալանքի տակ է առնվել Ռուսաստանից փախուստի դիմած օլիգարխ Բորիս Բերեզովսկիի 13 միլիոնի ունեցվածքը: Այդ մասին ասվում է Ռուսաստանի Գլխավոր դատախազության զեկույցում, որը պատրաստվել էր Դաշնության խորհրդի համար: 
Արտերկրում Գլխավոր դատախազության հարցմամբ կալանքի տակ առնված ունեցվածքի ընդհանուր գումարը գերազանցում է  320 միլիոն դոլարը, հաղորդում է «Ինտերֆաքսը» :

Այսպես, Շվեյցարիայում կալանքի տակ են առնվել 300 միլիոն դոլարի չափով դրամական միջոցները, որոնք պատկանում են գործարար Յուրի Նիկիտինին: Նա մեղադրվել էր «Սովկոմֆլոտ» եւ «Նովոշիփ» ընկերություններից հափշտակումների մեջ:

Ուկրաինայում կալանքի տակ է առնվել Վ. Միխայլովի 8 միլիոն դոլարից ավելի ունեցվածքը, իսկ Մոնակոյում` ավելի քան 1 միլիոն դոլար գումարի միջոցներ, որոնք կապված են  «Վոլգոտանկեր» ՍՊԸ-ի գործի հետ: Դա պատկանել է Միխայիլ Խոդորկովսկիին:

Բացի դրանից, ըստ Գլխավոր դատախազության տվյալների, «Սովկոմֆլոտ» ՍՊԸ-ի գործով տուժածներին է վերադարձվել 55 միլիոն դոլար, իսկ ռուս սեփականատիրոջը` «Արկտիկմորնեֆտեգազռազվեդկա»-ին, վերադարձրել են նավթարդյունահանող սարքավորմամբ հագեցած հորատող նավ` 1 միլիարդ 200 միլիոն դոլար արժողությամբ: