Հայաստանին և Ադրբեջանին անհրաժեշտ է հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացում։ Այս մասին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ այսօր Երևանում անցկացվում է Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը։

Փաշինյանի խոսքով՝ ամենակարևոր արձանագրումն այն է, որ վերջին 2 տարվա ընթացքում առաջին անգամ սահմանին չեն կրակում, չկան զոհեր և վիրավորներ։ Համատեղ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանն օգտագործում են համանման կամ նմանատիպ հռետորաբանություն։ «Ես և Ադրբեջանի նախագահն ասում ենք, որ խաղաղությունը նոր հանգամանք է, և սովորում ենք ապրել խաղաղության մեջ, ուզում ենք հասկանալ՝ ինչ է դա՝ խաղաղությունը, ինչպիսի տեսք ունի այն։ Միևնույն ժամանակ մեզ համար շատ կարևոր է ինստիտուցիոնալացնել խաղաղության գործընթացը։ Նկատի ունեմ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը»,- հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, թե սխալ է այն կարծիքը, թե խաղաղությունը չունի իրավական հիմք։ Այս համատեքստում նա հիշեցրել է, որ 2024-ին կողմերը ստորագրել և վավերացրել են սահմանների դելիմիտացիայի հանձնաժողովների կանոնակարգը, իսկ դա Երևանի և Բաքվի միջև առաջին միջպետական պայմանագիրն է, որը պարտադիր իրավական ուժ ունի երկու երկրներում և հիմնված է Ալմա-Աթայի հռչակագրի վրա։

Վարչապետը նշել է, որ խաղաղության ինստիտուցիոնալացման դրսևորում է Ադրբեջանի տարածքով մոտ 26 հազար տոննա բեռների տարանցումը և այն փաստը, որ Հայաստանը սկսել է վառելիքի ներկրումը։ «Ի վերջո, Հայաստանն ու Ադրբեջանը թշնամանքի մեջ են ապրել 40 տարի, և հնարավոր չէ պարզապես անջատիչն անջատել, սեղմել խաղաղության կոճակն ու վերջ՝ այլևս թշնամանք չկա, միայն խաղաղություն։ Սա ասում եմ, որովհետև Հայաստանում և Ադրբեջանում դեռ կարելի է լսել խոսակցություններ, որոնք գալիս են հակամարտության ժամանակներից։ Պետք է հասկանալ, որ սա անխուսափելի իներցիոն գործընթաց է»,- հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ նույնիսկ եթե խաղաղության պայմանագիրը ստորագրված ու վավերացված լիներ, ամենակարևոր փոփոխությունները տեղի են ունենում մարդկանց մտքերում և սոցիալ-հոգեբանական վիճակում։ Նրա խոսքով՝ այս թիվը (փոփոխությունների չափը) արտացոլված չէ, սակայն տեղաշարժերն ավելի արագ են տեղի ունենում, քան կարելի էր ակնկալել։

Միևնույն ժամանակ, նա վստահություն է հայտնել, որ խաղաղության ինստիտուցիոնալացման ճանապարհին ձեռք կբերվի այն կետը, երբ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը։ Սակայն ստորագրումն ու վավերացումը չեն նշանակում գործընթացի ավարտ. դրա տեքստից ակնհայտ է, որ ստորագրումից հետո բազմաթիվ ուղղություններով անհրաժեշտ կլինի ստորագրել նոր ոլորտային համաձայնագրեր, թեև տրանսպորտի ոլորտում Երևանն ու Բաքուն համագործակցում են առանց համաձայնագրերի, նշել է Փաշինյանը՝ ընդգծելով TRIPP նախագծի և ԵՄ-ի հետ քննարկվող այլ նախագծերի կարևորությունը։ Վարչապետը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհների փոխադարձ բացման, Թուրքիայի հետ սահմանի բացման կարևորության մասին, ինչում ինքը՝ Փաշինյանը, չի կասկածում։ «Կտրամադրենք ճանապարհներ ազատ տեղաշարժի, բեռնափոխադրումների և երկկողմ առևտրի համար՝ Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, և Ադրբեջանից՝ Նախիջևան»,- ծրագրերը նկարագրել է Փաշինյանը՝ շեշտելով, որ դա պետք է տեղի ունենա տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության պահպանմամբ։

Նրա խոսքով՝ հաղորդակցությունների ոլորտում կա հսկայական ներուժ, որն արդեն իրացվում է, կան խոշոր նախագծեր ԵՄ-ի հետ. այսօր դրանք քննարկվել են, և կա ըմբռնում, որ դիրքորոշումները մոտ են։