«Ասիական զարգացման բանկի 59-րդ տարեկան համաժողովի խորագիրը՝ «Առաջընթացի խաչմերուկ»–ը կատարելապես համապատասխանում է Հայաստանի տնտեսական տեսլականին»։ Այս մասին, NEWS.am–ի թղթակցի փոխանցմամբ, Ուզբեկստանի Սամարկանդ քաղաքում ընթացող ԱԶԲ տարեկան համաժողովի շրջանակում իր ելույթում նշել է ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը։

«Նախորդ տարի՝ նույն համաժողովի շրջանակում, մենք հայտարարեցինք խաղաղության մեր հանձնառության մասին՝ որպես զարգացման նախապայման։ Այսօր ես ուրախ եմ հայտնել շոշափելի ձեռքբերումների՝ այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախնական ստորագրման մասին՝ ի շահ տարածաշրջանային կայունության։ Սա է մեր «Խաղաղության խաչմերուկ» նախագծի տրամաբանությունը ՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման միջոցով Հարավային Կովկասը դարձնել համագործակցության կենտրոն»,–նշել է Մկրտչյանը։

Ֆինանսների փոխնախարարը նշել է, որ այդ անցումն ապահովելու համար ֆինանսական համագործակցության գործիքները պետք է վերափոխվեն, քանի որ ավանդական մոդելներն այլևս բավարար չեն նախանշված նպատակներին հասնելու համար։

«Այդ պատճառով Հայաստանն առաջնահերթություն է տալիս ավելի զարգացած ֆինանսական գործիքների կիրառմանը մեր համագործակցության շրջանակում։ Մասնավորապես, մենք կենտրոնանում ենք մասնավոր ֆինանսավորման ներգրավման և պետական–մասնավոր գործընկերության զարգացման վրա։ Միաժամանակ ակտիվորեն ուսումնասիրում ենք «Debt-for-Nature» գործիքները, որոնք թույլ են տալիս պարտքի սպասարկման վճարներն ուղղել բնապահպանական և կանաչ ծրագրերի իրականացմանը։ Այս մոտեցումը լիովին համահունչ է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին, ԱԶԲ-ի՝ Հայաստանի հետ գործընկերության ռազմավարությանը և Հայաստանի կառավարության առաջնահերթություններին։ Այս քայլերը նպաստում են, որ մեր տնտեսական աճը լինի դիմացկուն և կայուն նաև ապագա սերունդների համար»,–հավելել է Էդգար Մկրտչյանը։

Փոխնախարարը նշել է, որ Հայաստանը հանձնառու է շարունակելու սերտ համագործակցությունը Ասիական զարգացման բանկի հետ։

«Այս տեսլականի իրականացումը պահանջում է ԱԶԲ-ի շարունակական ներգրավվածությունն ու աջակցությունը՝ ոչ միայն որպես մեր խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի, օրինակ՝ «Հյուսիս–Հարավ» ճանապարհի վստահելի ֆինանսական գործընկեր, այլ նաև որպես գիտելիքի և զարգացման գործընկեր՝ այս նոր ֆինանսական լուծումների իրականացման գործում»,–հավելել է նա։

Հիշեցնենք, որ Ուզբեկստանի Սամարկանդ քաղաքում մայիսի 3-6–ը ընթանում է Ասիական զարգացման բանկի 59-րդ տարեկան համաժողովը, որի շրջանակում Սամարկանդում են ԱԶԲ–ի անդամ 69 երկրների ֆինանսական ոլորտի ներկայացուցիչներ, քաղաքականություն մշակողներ, անկախ փորձագետներ, լրագրողներ։