Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գյումրիում կայցելի ֆրանսիական դպրոց։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։

«Գնալու ենք ֆրանսիական դպրոց, հետո ծաղիկներ ենք խոնարհելու երկրաշարժի զոհերի հիշատակի հուշարձանի մոտ։ Նաև Վարդանանց կենտրոնական հրապարակում մեծ տոնախմբություն ենք ունենալու, մեծ համերգ ենք ունենալու»,–ասաց նա։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստան կատարելիք պետական այցի շրջանակներում կայցելի նաև Գյումրի։ 

Գյումրիի Վարդանանց հրապարակում  մայիսի 5-ին նախատեսված է մեծ համերգ՝ նվիրված Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությանը և մշակութային համագործակցության խորացմանը:

Համերգային ծրագրում կհնչեն հայկական և ֆրանսիական թեմատիկ երգեր, որոնք կներկայացնեն հայ և ֆրանսիացի անվանի արտիստներ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի նվագակցությամբ։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 30-ի նիստում որոշում է կայացրել համերգի կազմակերպման համար պահուստային ֆոնդից հատկացնել 392 մլն 897.7 հազար դրամ։