Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը առանցքային դեր է խաղում մեր տարածաշրջանի խաղաղության ճարտարապետության կառուցման գործում։ Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, Էմանուել Մակրոնի պետական այցի շրջանակում Հայաստանի և Ֆրանսիայի միջև մի շարք համաձայնագրերի ստորագրումից հետո հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ Հայաստանը Ֆրանսիայի աջակցությունն է ստանում բազմաթիվ ոլորտներում՝ տնտեսություն, անվտանգություն, ինքնիշխանություն, դիվանագիտություն, մշակույթ, կրթություն և ԵՄ-ի հետ հարաբերություններ։ Սակայն Հայաստանի համար այսօրվա գլխավոր նորությունը տարածաշրջանում խաղաղության հաստատումն է։ Այդ խաղաղության ճարտարապետությունը հիմնված է Ալմա-Աթայի հռչակագրի վրա՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության ճանաչման սկզբունքով։ Հենց այս հիմքն էլ ընկած է Ադրբեջանի հետ նախաստորագրված համաձայնագրի հիմքում։
«Այս ճարտարապետության կառուցման գործում նախագահ Մակրոնի դերն առանցքային է։ Իր հետևողականության, ճկունության և դիվանագիտական բացառիկ հմտությունների շնորհիվ Մակրոնին հաջողվել է հասնել մեր և Ադրբեջանի միջև համաձայնության կայացմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ ամենի տրամաբանական հանգրվանը այսօր ստորագրված՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրն է։





























