Եվրոպայում անվտանգության ժամանակակից հայեցակարգը պետք է հենվի նախևառաջ ժողովրդավարական ինստիտուտների և պետության նկատմամբ քաղաքացիների վստահության վրա։ Այդ մասին Երևանում հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն։

Նրա խոսքով՝ ավանդական մոտեցումները, որոնք հիմնված են միայն «կոշտ և փափուկ ուժի» ու հանցավորության դեմ պայքարի վրա, հնացել են և այլևս չեն համապատասխանում ներկայիս մարտահրավերներին։

«Անվտանգությունը սկսվում է այն ինստիտուտներից, որոնց մարդիկ վստահում են՝ անկախ մարմիններից, ազնիվ ընտրություններից, ազատ ԶԼՄ-ներից։ Այն ներառում է նաև կիբերհարձակումներից, ահաբեկչությունից և արտաքին տեղեկատվական միջամտությունից պաշտպանությունը», — նշել է Բերսեն։

Նա ընդգծել է, որ Հայաստանում առաջիկա ընտրությունները արտացոլում են նոր իրականություն, որտեղ ժողովրդավարական գործընթացներն ավելի ու ավելի հաճախ են դառնում արտաքին ազդեցության թիրախ։ Նրա խոսքով՝ նման դեպքեր արդեն արձանագրվել են Մոլդովայում, Չեխիայում և այլ երկրներում, իսկ միջամտությունների զգալի մասը իրականացվում է թվային հարթակների միջոցով (արհեստական բանականության զարգացման ֆոնին)։

Միևնույն ժամանակ Բերսեն հայտարարել է, որ այդ մարտահրավերների պատասխանը չի կարող լինել տեխնոլոգիաների կամ խոսքի ազատության սահմանափակումը։ «Լուծումը ժողովրդավարության պաշտպանությունն է՝ առանց գրաքննության և կարծիքն ազատ արտահայտելու իրավունքի ճնշման»,- ընդգծել է նա։

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ աշխատանք է տարվում օտարերկրյա տեղեկատվական միջամտության և մանիպուլյացիաների դեմ շրջանակային կոնվենցիայի վրա։ Փաստաթուղթը պետք է դառնա Եվրոպայի ընդհանուր իրավական տարածքի մասը և ուղղված լինի ապատեղեկատվության, ինչպես նաև ընտրությունների, դատական համակարգերի, դպրոցների և ԶԼՄ-ների վրա արտաքին ազդեցության դեմ պայքարին։

Բերսեն նաև նշել է, որ անվտանգությունը հասարակության կայունության հիմքն է, իսկ պետական ինստիտուտների վրա այսօր ճնշում են գործադրում պատերազմները, տեխնոլոգիական փոփոխությունները, միգրացիոն գործընթացները, կլիմայական մարտահրավերները և ապատեղեկատվությունը։

«Նոր աշխարհակարգը պահանջում է ռազմական, էներգետիկ և տնտեսական անվտանգություն։ Բայց առաջին հերթին՝ ժողովրդավարական անվտանգություն։ Առանց դրա անվտանգության ոչ մի ձև կայուն չի լինի», — հայտարարել է նա։

Վերջում նա ընդգծել է, որ խաղաղությունը հնարավոր է միայն ժողովրդավարության միջոցով, և վստահություն է հայտնել, որ Հայաստանը կարևոր դեր է խաղում եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման գործում։

«Խաղաղությունը հնարավոր է միայն ժողովրդավարության միջոցով։ Եվ այդ խաղաղությունը կարելի է գտնել այստեղ՝ Հայաստանում», — ասել է Բերսեն՝ շնորհակալություն հայտնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին հյուրընկալության և Հարավային Կովկասի ու Եվրոպայի անվտանգության մեջ երկրի ներդրման համար։