Մենք միշտ բարձրացնում ենք ապահով գետնի վրա արցախցիների վերադարձի հարցը. Այս հարցում Ֆրանսիան դիրքորոշում չի հայտնում հիմա, բայց ուզում եմ հիշեցնել, որ երբ տեղի ունեցավ Արցախում էթնիկ զտումը, Ֆրանսիայի ԱԳ նախարարը գրավոր հայտարարեց, որ մենք պաշտպանում ենք արցախցիների վերադարձը Արցախ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը, ով Երևան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորած պատվիրակության կազմում։
«Կարծում եմ՝ նախագահ Մակրոնը հանգրվան առ հանգրվան է ուզում առաջ ընթանալ։ Սա կախված է նաև նրանից, թե ինչպիսին է Հայաստանի դիրքորոշումը այս հարցի շուրջը։ Եթե Հայաստանը կառավարությունը բոլորովին հրաժարվել է այս հարցը սեղանի վրա դնելուց, Մակրոնը Պապից ավելի կաթոլիկ չի լինելու։ Եթե մենք շարունակենք ճնշում բանեցնել և ՀՀ կառավարությունն էլ իր հերթին սեղանին դնի այս հարցը, Մակրոնը կարող է նկատի առնել մեր տեսակետը»,–ասաց նա։
Անդրադառնալով նրան, որ նախօրեին տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, ինչը ընկալվում է որպես սատարում Նիկոլ Փաշինյանին առաջիկա ընտրություններում, Մուրադ Փափազյանն ասաց. «Այստեղ երկու ուղերձ կա. առաջինը, որ եվրոպացիները համախմբվեն Հայաստանի շուրջ, ինչը Մակրոնի ծրագիրն է, որ Հայաստանը այդկերպ կարողանա ապահովել իր անվտանգությունը և իր տնտեսական զարգացումը։ Երկրորդն այն է, որ մենք ճիշտ չենք համարում, որ այդպիսի միջազգային գագաթնաժողով տեղի ունենա ընտրություններից մեկ ամիս առաջ։ Սա ուղղակի կամ անուղղակի կոչ է ի նպաստ Նիկոլ Փաշինյանի։ Սա ճիշտ չէ։ Միջազգային օրենքները թույլ չեն տալիս, որ օտար ուժերը ներդրում ունենան որևէ երկրի ներքին կյանքին»։ Հարցին՝ ինչիպի՞ն էր Ֆրանսիայի նախագահի արձագանքը իր այդ մտահոգությանը, Փափազյանը պատասխանեց. «Հասկացավ։ Ուղղակի չպատասխանեց»։





























