Կարևոր է հասկանալ տարածաշրջանը, լսել տարածաշրջանին և օգնել այնտեղ, որտեղ օգնության կարիք կա, այլ ոչ թե պարզապես ասել, թե մենք գիտենք, թե որտեղ է ձեզ օգնություն պետք։ Դրա մասին մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն- 2026» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան։
«Երբ խոսքը վերաբերում է ԱՄՆ-ին, Եվրոպական միությանը և այլ մասնակիցներին, կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ մեր տարածաշրջանն իսկապես աջակցության և օգնության կարիք ունի։ Կարծում եմ՝ արտաքին մասնակիցները կարող են շատ բան առաջարկել և ուժեղացնել համագործակցության խթանները»,- նշել է նա։
Դարսալիան հիշեցրել է, որ Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը ավելի քան երեք տասնամյակ է, ինչ անկախ երկրներ են։ «Այս տարածաշրջանը բազմաթիվ ողբերգություններ, հակամարտություններ և տնտեսական քաոս է վերապրել։ Այժմ մեր ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ մենք հնարավորություն ունենք դառնալու իրական քաղաքական և տնտեսական տարածաշրջան։
Եվ դա շատ կարևոր է Վրաստանի համար. մեզ համար տարածաշրջանային համագործակցությունը շատ կարևոր է։ Մենք սպասել ենք այս խթանին վերջին 35 տարիների ընթացքում՝ ընդհանուր տարածաշրջանի առումով, ոչ թե երկկողմ հիմունքներով կամ յուրաքանչյուր երկրի հետ առանձին, և մենք շատ շահագրգռված ենք տարածաշրջանային համագործակցության հետագա զարգացմամբ», - ընդգծել է Վրաստանի փոխարտգործնախարարը։





























